5-25 տարի՝ ՊՊԾ գունդը գրավելու համար

ԼԼիլիթ Հարությունյան

4.5 տարի անց հրապարակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատավճիռը: Նրանք 2016-ին գրավել էին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը, կես ամիս վերահսկողության տակ պահել, պատանդ վերցրել, ապօրինի զենք հափշտակել: Այդ գործողությունների ընթացքում 3 ոստիկան է սպանվել:

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղավոր ճանաչվեց Սմբատ Բարսեղյանը՝ դատապարտվելով 25 տարվա ազատազրկման:

Արփինե Թովմասյան, Լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի այրին - 25 տարին ցմահին համարժեք է իր ծնողի համար, դա ամենավատ պատիժն է:

Ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին դատարանը արդարացրեց՝ մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Իսկ ՊՊԾ գնդի գրավման համար վերջնական պատիժ Բիլյանին նշանակվեց 4 տարի 11 ամիս ազատազրկումը:

Արմեն Բիլյան, «Սասնա ծռեր» խմբի անդամ - Ես չեմ կարող կեղծիքն ընդունել, որովհետև ինքս պայքարել եմ, ապստամբել եմ ՀՀ-ում Սերժիի հաստատած կեղծիքները մաքրելուն, բայց ոչինչ, 4 տարի 8 ամիս պայքարելուց հետո ես ապացուցեցի, դեռ բոլորս անելիքներ ունենք:

Արմեն Բիլյանը մտադիր է ոստիկանների սպանության մանրամասների մասին խոսել, բայց ոչ հիմա: Մինչդեռ Գագիկ Մկրտչյանի այրին արդար դատավճռի է սպասում հենց այսօր, պնդում է՝ պետք է հայտնաբերել ու պատժել ամուսնու սպանության մեղավորին:

Հասմիկ Ոսկանյան, Ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին - Վճռին դեմ եմ, բայց ցավալին այն է, որ հիմա, իրենք ազատության մեջ են, ոչ թե դատարանից ձերբակալվել են:

«Սասնա ծռեր» խմբի մյուս անդամները կազատազրկվեն 5-9 տարով: Պավել Մանուկյանը՝ 7 տարի 8 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս: Խմբի անդամներն, այնուամենայնիվ, իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, դատական նիստից հետո հայտնեցին՝ ամենայն հավանականությամբ կբողոքարկեն դատավճիռը:

Վարուժան Ավետիսյան, «Սասա ծռեր» խմբի անդամ - Ժողովրդի ընդվզումից վախենալու պատճառով Սմբատ Բարսեղյանին ցմահ պատժաչափ չտրվեց։ Իսկ Արմեն Բիլյանի մասով այնքան խեղկատակ ու անհեթեթ էր մեղադրանքը: Գաղութային ռեժիմի դատարանը հնարավոր չհամարեց Արմենի նկատմամբ այդ մասով պատիժ կիրառել և ստիպված եղավ նման վճիռ կայացնել:

Սասնա Ծռեր խմբի 10 անդամի նկատմամբ համաներումը չի կիրառվի, տուժողներն առարկել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում