Առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց՝ նախագծով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով: 

«Մասնավորապես, «Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի առաջին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ օրենսգրքի 47-րդ հոդվածի երկրորդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո»,- ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ առաջին ժամկետը դարձնում են երեք ամիս, եթե դա պայմանավորված է ռազմական գործողություններով: Այսինքն, եթե նրա բնակության վայրում տեղեկություններ չկան գտնվելու վայրի մասին, երեք ամսվա ընթացքում արդեն կարող են շահագրգիռ անձանց դիմումով դատարանները անձին անհայտ բացակայող ճանաչել և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դիմել հատուցման հիմնադրամին:

Նախագծի անցումային դրույթով կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ մահացած ճանաչելու ժամկետը երկու տարուց դարձնում են մեկ տարի՝ ռազմական գործողություններն սկսելու պահից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում