Եզդիների երկու ջոկատ Արցախում՝ ռազմաճակատում, մյուսները դիվանագիտական ճակատում են պայքարում, պահանջում բռնել ադրբեջանա-թուրքական, ահաբեկչական խմբավորումների ձեռքը: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությանը հորդորում են իրենց ձայնը հասցնել նախագահ Թրամփին, հետևել հայտարարված հրադադարի պահպանմանը:
Ազիզ Թամոյանը՝ Եզդիների միության նախագահը, կոչ է անում Հայաստանում ու աշխարհում ապրող բոլոր եզդիներին միանալ հայ եղբայրներին:
Հայաստանի եզդիները Արցախի երկնքում սև ամպեր են տեսնում, դրանք նոր չեն հայոց երկնքում, հարյուր տարի առաջ էլ, 90-ականներին էլ նույնն էր, պատկերը չի փոխվում: Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդը հիշեցնում է Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունը, ուղիղ տեքստով ԱՄՆ նախագահին է դիմում: Ադրբեջանը երրորդ անգամ է հրադադարը խախտում, բայց անպատիժ է մնում, աշխարհը լռում է:
Այս հողում ապրող եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են, ինչպես իրենց պապերը, այնպես էլ նոր սերունդը խաղաղ ժամանակ էլ, հիմա էլ, պատրաստ են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ, լինել մարտական դիրքերում, կանգնել հայ զինվորների, կամավորականների կողքին: Ուզում են աշխարհն իմանա՝ իրենք, ինչպես Ադրբեջանն է ներկայացնում՝ ահաբեկիչ չեն, ահաբեկիչները սահմանի հակառակ կողմում են:
Հայոց հողի համար պայքարին միայն Հայաստանում չէ, որ եզդիները մասնակցում են: Իրաքի եզդիները կազմ- պատրաստ են գալ, կռվել ահաբեկիչների դեմ: Նրանց հետ առանձին հաշիվներ ունեն՝ Սինջարի ցեղասպանության արյունը դեռ թարմ է:
Եզդիների հոգևոր առաջնորդը կոչով դիմում է աշխարհի եզդիներին՝ միանալ հայ եղբայրներին, պայքարել ահաբեկիչ թշնամիների դեմ:
Բրո Հասանյան (Եզդիների հոգևոր առաջնորդ) - Մենք հաղթել ենք, հաղթելու ենք ու Ղարաբաղի սուրբ հողից մի բուռ էլ չենք տա էդ շներին:












