Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեպքով հարուցված քրգործերի շրջանակում իրականացվում են փորձաքննություններ. ՔԿ նախագահի տեղակալ

ՆՆարե Ոսկանյան

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացում ներկայացրեց իրականացրած միջոցառումներն ու աշխատանքի արդյունքները։ Նա նշեց, որ հիմնական երկու ուղղությամբ են աշխատում՝ առաջինը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեպքով հարուցվել է քրեական գործ, երկրորդ՝ հարուցվել է մեկ այլ մեծ քրեական գործ, որը գտնվում է զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: 

Նա հայտնեց, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հակառակորդի կողմից պաշտպանության բանակի զինծառայողների՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի կողմից։ Քննչական խումբ է կազմվել  նախաքննություն կատարելու համար, որի կազմում ընդգրկվել է զինվորական քննչական գլխավոր վարչության ողջ անձնակազմը։

Մելիքյանն ասաց, որ քրեական գործով բացահայտված փաստական հանգամանքները օգտագործվելու են ինչպես այժմ, այնպես էլ հետագայում՝ քաղաքական և իրավական նկատառումներով։ Ընդգծեց, որ  նախաքննության շրջանակում իրականացվում են փորձաքննություններ, որոնց արդյունքներով կատարվում են անձանց նույնացումներ, և նախաքննության արդյունքների տեղեկությունը տրամադրում են պաշտպանության լիազոր մարմնին, որպեսզի զոհված և խեղում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց հավասարեցված կատեգորիայի անձանց սոցիալական երաշխիքների իրացումները  հնարավոր լինեն սեղմ ժամկետներում իրականացնել։ 

Մելիքյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ից մինչև օրս 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով, որոնցով իրականացվում է հաշվառում․ արդյունքները պարբերաբար ամփոփվում են։ 

ՔԿ նախագահի տեղակալը տեղեկացրեց նաև, որ պատերազմի մեկնարկից ի վեր զորակոչվել են ՔԿ 15 պահեստազորային-ծառայողներ, որոնք ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում, ինչպես նաև կամավորագրվել է ևս չորս ծառայող, որոնք հիմա գտնվում են առաջնագծում։ «Բացի այդ, ունենք 150-ից ավելի կամավորագրված քննիչներ, որոնք արդեն այսօր երրորդ օրն է՝ տեսական և գործնական վարժանքներ են անցնում, որպեսզի նույնպես մեկնեն առաջնագիծ»,- ասաց Մելիքյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում