Աստծո տունը ռմբակոծելը բարբարոսություն է. Բունդեսթագի պատգամավոր

ՎՎահե Դավթյան

Աստծո տները ռմբակոծելը բարբարոսություն է, պատերազմական հանցագործություն։ Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը:

Ալբերտ Վայլեր (Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության ներկայացուցիչ) - Հումանիտար իրավիճակի վերաբերյալ փաստերը սարսափեցնող են: Շուշիի եկեղեցին, որը Լեռնային Ղարաբաղի հայերի հավատի խորհրդանիշն է, ադրբեջանական բանակը ռմբակոծել է։ Ինչո՞ւ, ինչպե՞ս կարողացաք:

Եկեղեցու ռմբակոծումը Ալբերտ Վայլերը որակել է քրիստոնեության նկատմամբ հանցագործություն: Իր հայտարարության մեջ պատգամավորն ասել է՝ տարիներ շարունակ պայքարում են այսօրինակ ոտնձգությունների դեմ:

Ալբերտ Վայլեր - Ես պահանջում եմ Ադրբեջանի դեմ կիրառել եվրոպական պատժամիջոցներ: Նման վարքագծով երկիրը պետք է առավելություններ չունենա Եվրոպայում, առավելևս՝ աշխարհում: Պետք է հետ կանչել ԵՄ բոլոր դեսպաններին այդ երկրից և վերջ:

Բունդեսթագի պատգամավորը Ադրբեջանին կոշտ քննադատել էր նաև հուլիսին, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարվեց, Բաքուն դարձյալ թիրախավորեց Տավուշի խաղաղ բնակչությանը: Որպես խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ՝ Բունդեսթագի ամբիոնից Վայլերը դիմել էր Բաքվին՝ դադարեցրե՛ք կրակը, մի՛ զրկեք մարդկանց ապրելու իրավունքից:

Ալբերտ Վայլեր - 21-րդ դարում ցանկացած հարցի շուրջ պետք է չլինի ռազմական լուծում, Ղարաբաղի հարցում՝ ևս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում քաղաքական բանակցությունները չունեն այլընտրանք:

Պաշտոնական Բաքուն արգելել է Բունդեսթագի իշխող կուսակցության պատգամավորի մուտքն Ադրբեջան: Վայլերը 2018-ին կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում այցելել էր Թբիլիսի, Երևան, բայց չէր մեկնել Բաքու: Պատճառը՝ եղել էր Ղարաբաղում՝ առանց Բաքվի թույլտվության:

Ալբերտ Վայլեր - Ալիևը խոչընդոտում է երկխոսությունը՝ արգելելով այն մարդկանց մուտքն Ադրբեջան, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղում: Նման պահվածքը չի բխում ժողովրդավարության սկզբունքներից: Ալիևին ուզում եմ ասել, որ էլի եմ լինելու Ստեփանակերտում:

Ալբերտ Վայլերը դիմել է դաշնային կառավարությանը: Իր զեկույցում նշել՝ ադրբեջանական բանակը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի վրա։ Եթե քայլեր չձեռնարկվեն, կնշանակի.... իրենք էլ են ահաբեկչական գործողությունների մասնակիցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում