Հակակոռուպցիոն կրթությունը պահանջում է համակարգված աշխատանք. փորձագետ

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում հանցավորության դեմ պայքարին զուգահեռ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր են մշակվում: Առաջնահերթություններից է նաև երկրում հակակոռուպցիոն կրթության զարգացումը: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվում են բարեփոխումներ՝ սկսած կրթական ծրագրերի սահմանումից:

1lurer.am-ի հետ զրույցում հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը, կարևորելով երկրում հակակոռուպցիոն կրթության լիարժեք կիրառումը, նշեց, որ առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարը երեք հիմնական ուղղություն ունի: Նա կարևորեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և պատիժը, կոռուպցիայի կանխարգելումը, հակակոռուպցիոն կրթությունը: Փորձագետը շեշտեց, որ այդ երեք մեթոդները պետք է զուգահեռ դիտարկել ու զարգացնել:

«Ավանդաբար մեզ մոտ հակակոռուպցիոն կրթությունը կարծես հետին պլան է մղված եղել, և մենք, ըստ էության, զգալի աշխատանքներ այդ ուղղությամբ դեռևս չենք կատարել, չնայած այն կարևորվում է, արձանագրված է, բայց ռեալ, գործուն քայլեր այդ ուղղությամբ դեռևս չեմ տեսնում: Հակակոռուպցիոն կրթությունը մասշտաբային համակարգ է և ունի իր առանձնահատկությունները: Այն պետք է իրականացվի մանկապարտեզից սկսած բուհով վերջացրած»,- ասաց Ատովմյանը:

Փորձագետն ասաց, որ պետք է հաշվի առնել դասընթացների մասնակիցների և՛ տարիքը, և՛ մասնագիտացումը:

«Պետք է մշակենք ուրույն մեթոդաբանություն՝ հաշվի առնելով երեխաների տարիքը, օրինակ՝ մանկապարտեզի երեխաների հետ ինչպես անցկացնենք այդ հակակոռուպցիոն ուսուցումը, որ իրենց համար ընկալելի լեզվով լինի, կամ բուհերում հաշվի առնենք ուսանողների մասնագիտացումը: Եթե տնտեսագետների համար ենք հակակոռուպցիոն կրթություն իրականացնում, ապա պետք է ավելի շատ տնտեսության վրա շեշտը դնենք, ցույց տանք կոռուպցիայի ազդեցությունը, փոխգործակցությունը տնտեսության հետ»,- ասաց Ատովմյանը:

Նա նշեց, որ հակակոռուպցիոն կրթությունը պահանջում է համակարգված աշխատանք, որը բոլոր հաստատություններում կիրականացվի հստակ դասակարգված նյութերով, և ունկնդիրներին կհրամցվեն ճիշտ մշակված նյութեր: Ատովմյանը շեշտեց, որ այն մասնագիտական, պրոֆեսիոնալ ճիշտ մոտեցում պահանջող բարդ ոլորտ է, այլապես նպատակին չի ծառայի: Մյուս կարևոր ուղղությունն էլ, ըստ փորձագետի, հանրության հետ աշխատանքն է, հանրության մոտ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորումը՝ իրազեկման տարբեր արշավների միջոցով:

Ատովմյանը կարևորեց այն, որ կոռուպցիոն դեպքերի, կաշառակերության, չարաշահումների բացահայտումները պետք է լինեն հաշվետվողական ու թափանցիկ: Եթե որևէ կոռուպցիոն հանցագործության դեպքում քրեական գործ է հարուցվում, ապա հանրությունը պետք է իրազեկվի, թե այդ գործն ի վերջո ինչ ընթացք  ստացավ՝ որևէ մեկը դատապարտվե՞ց, թե՞ գործը կարճվեց:

Անդրադառնալով հակակոռուպցիոն կրթության միջազգային փորձին՝ Ատովմյանը նշեց, որ այն երկրները, որոնք հակակոռուպցիոն պայքարում ունեն մեծ հաջողություններ, ունեն նաև հակակոռուպցիոն լավ մեթոդաբանություն և մոդելներ՝ սկսած հակակոռուպցիոն բնույթի համակարգչային խաղերից: Փորձագետն ասաց, որ դրանք երեխաների մեջ զարգացնում  են հակակոռուպցիոն մտածելակերպ:

«Տարատեսակ մեթոդներ են կիրառվում: Օրինակ՝ Հոնկոնգի հակակոռուպցիոն մարմինը, որը լավագույններից մեկն է աշխարհում և այլ երկրների համար օրինակ է ծառայել, այդ ուղղությամբ, որքան գիտեմ, հանրության հետ աշխատանքի դեպարտամենտը 65 աշխատակից ունի: Այսինքն՝ նրանք այնքան են կարևորում դա, որ տարբեր կոմիքսներ են տպագրում, համակարգչային խաղեր են ստեղծում, տարբեր արշավներ են իրականացնում, ուսումնական հաստատությունների հետ են համագործակցում: Շատ մեթոդներ, հաջողված միջազգային փորձ կա, և այս առումով մենք ուղղակի պետք է դա ուսումնասիրենք և, հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, հնարավորությունները, աստիճանաբար ներդնենք: Պետք է արած լինեինք դեռ տարիներ առաջ»,-եզրափակեց հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում