Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում տեղի է ունեցել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի շրջանակում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացման արարողությունը:

Մինչ այդ տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստի մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ Էնանին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, մաքուր, արդար և մրցակցային անցման հարցերով հանձնակատար Տերեզա Ռիբերային, Ալժիրի Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուս Նասրիին, Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը

Ձե՛րդ գերազանցություններ՝ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի պարո՛ն գլխավոր քարտուղար, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ

Հարգելի՛ պատվիրակներ, տիկնա՛յք և պարոնա՛յք,

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն, բարի գալուստ «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողով, որը տեղի է ունենում Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակներում։

Մեծ պատիվ է մեզ համար այս գագաթնաժողովը և Կենսաբազմազանության COP17 համաժողովը հյուրընկալելը, և հույս ունեմ այն արդյունավետ կլինի և կնպաստի Երկիր մոլորակի վրա կենսաբազմազանության պաշտպանությանը։

Հայաստանի Հանրապետության Կառավարության համար սա առանձնահատուկ թեմա է, և մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում մեր բնության նկատմամբ, որովհետև, պիտի խոստովանենք, որ մեր դժվար օրերին, Հայաստանի Հանրապետության դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտությունն ենք ունեցել։

Վաղ 1990–ականներին, երբ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ստացավ, Խորհրդային Միության տնտեսական համակարգի փլուզման և հակամարտության հետևանքով Հայաստանում էներգետիկ և սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվեց։

Երկիրը հայտնվեց շրջափակման մեջ, բավարար էլեկտրական հոսանք, գազ կամ նավթամթերք կամ քարածուխ չկային, և մարդիկ իրենց բնակարանները տաքացնում էին հիմնականում փայտով։ Մայրաքաղաք Երևանը շատ արագ կերպափոխվեց, և բազմաբնակարան շենքերի պատուհաններից դուրս եկող վառարանների հազարավոր ծխնելույզներ կարելի էր տեսնել։

Այս պայմաններում Հայաստանի անտառների զանգվածային հատումներ սկսեցին, որը տնտեսական բնականոն գործունեության գրեթե բացակայության պայմաններում դարձավ երկրի շահութաբեր բիզնեսներից մեկը։

Նույնիսկ մայրաքաղաք Երևանի փողոցների և զբոսայգիների ծառերն էին հատվում, և իշխանություններին շատ դժվար էր այս երևույթների դեմ պայքարելը։ Այսպես Հայաստանում հատվեցին հազարավոր հեկտարների անտառներ ու կանաչ տարածքներ, լայնորեն տարածվեց որսագողությունը, ինչը ծանր հարված հասցրեց մեր բնությանը և կենսաբազմազանությանը։

Նման իրավիճակ էր ստեղծվել նաև Սևանա լճում, որը Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է և գտնվում է ծովի մակարդակից շուրջ 1900 մետր բարձրության վրա և Հայաստանի Հանրապետության ամենամեծ լիճն է։

90–ականների սկզբներին, երբ ներմուծումների և արտադրությունների շղթաները, ըստ էության, ջարդվել էին, և Հայաստանի Հանրապետությունում ամենօրյա սննդի խնդիր կար, Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության։

Առանց չափազանցության՝ մի քանի տարի Սևանի սիգը Հայաստանի բնակչությանը սնող հիմնական մթերքն է եղել։ Սա էլ իր հերթին, սպառման եզրին էր հասցրել Սևանի ձկնային պաշարները, որտեղ բացի սիգից բնակվում է նաև Սևանի համար էնդեմիկ բացառիկ ձկնատեսակը՝ Սևանի իշխանը՝ իր չորս ենթատեսակներով:

Հարգելի ներկաներ,

Վերջերս մի առիթով ունեցած իմ ելույթում ասացի, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, Կառավարությունը, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները պարտք ունեն վերադարձնելու մեր բնությանը, և սա թերևս արտահայտում է այն քաղաքականությունը, որը մենք փորձում ենք վարել։

Իհարկե, Հայաստանի բնությունը և կենսաբազմազանությունը պաշտպանելու ճանապարհին մենք ունենք և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ։

Ուզում եմ բերել մի կոնկրետ օրինակ․ 2018 թվականին, երբ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում դարձա Հայաստանի վարչապետ, առաջին հրամաններիցս մեկը ապօրինի անտառահատումները, որ դեռ բավական մեծ ծավալ ունեին, կասեցնելն էր։

Այս հրահանգը մեծ հակազդեցություն առաջացրեց հատկապես Տավուշի մարզում, որը իմ ծննդավայրն է և որը մեր հանրապետության ամենաանտառաշատ տարածքներից է։

Իմ ծննդավայրում բողոքի ակցիաներ սկսվեցին, որովհետև բազմաթիվ մարդիկ 90–ականների իներցիայով վաստակում էին ապօրինի անտառահատումներով։

Ես այս առիթով այց կատարեցի Հաղարծին գյուղ, որն իմ մայրական գյուղն է, և որտեղ ապրում է իմ ազգականների մի զգալի մասը։

Մարդիկ շատ ագրեսիվ էին տրամադրված։ Ես նրանց փորձում էի բացատրել, որ անտառը պահպանելով ավելի շատ կարելի է վաստակել, քան ապօրինի անտառահատումներով։ Մարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել։

Բայց մենք սկզբունքայնություն դրսևորեցինք և որքան հնարավոր էր պայքարում էինք ապօրինի անտառահատումների դեմ։ Եվ ահա, մեկ–երկու տարի անց ապօրինի անտառահատումներով զբաղվող բազմաթիվ մարդիկ փոխեցին իրենց գործունեության տեսակը։

Այն նույն մեքենաները, որով ընդամենը ամիսներ առաջ նրանք անտառում հատած փայտն էին տեղափոխում դեպի շուկաներ, սկսեցին հարմարեցնել և զբոսաշրջիկներ տեղափոխել դեպի անտառներ, դեպի վայրի բնություն և զարմանքով արձանագրեցին, որ այդպես իրոք ավելի շատ ու ավելի հեշտ են վաստակում։

Այժմ Հաղարծին գյուղով անցնելիս ուրախանում եմ՝ տեսնելով ճանապարհի եզրին կայանած, զբոսաշրջիկներ բերող ավտոբուսներ և տեղացիների տասնյակ ավտոմեքենաներ, որ նախատեսված են զբոսաշրջիկներին անտառներ և սարեր տեղափոխելու համար։

Եվ սա, անկասկած, հաջողության պատմություն է։ Նույն մարդիկ, ովքեր տարիներ առաջ հատում էին անտառները, հիմա սկսել են համագործակցել բնության հետ, ովքեր որսագողությամբ էին զբաղվում, հասկացել են, որ զբոսաշրջիկի տեսախցիկի մեջ հայտնված մեկ վայրի կենդանին ոչ միայն տասնյակ հազարավոր դիտումներ է բերում այն նկարահանած զբոսաշրջիկին, այլև նորանոր զբոսաշրջիկներ, և բնությունը դառնում է բարեկեցության աղբյուր։

Իհարկե, մարդկանց նոր հոսքը իր հերթին բերում է նոր մարտահրավերներ, բայց զուգահեռ նաև ածխածնային հետքը կառավարելու գիտակցությունն է աճում հանրության շրջանում, և Կառավարությունը քայլեր է ձեռնարկում դա խթանելու համար։

Մենք էական կարգավորումներ ենք արել նաև Սևանա լճի ձկնային պաշարները, ասել է թե կենսաբազմազանությունը պաշտպանելու համար։ Լճում ձկնորսությունը կանոնակարգող որոշումներ ենք ընդունել, ձվադրման սեզոնին հնարավորինս խիստ վերահսկողություն է իրականացվում, ինչի արդյունքում սիգի պաշարները Սևանա լճում էականորեն մեծացել են։

Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Սևանա լճի վրա գործում է ջրային ոստիկանություն, որի խնդիրներից մեկը, այլոց շարքում շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մարմիններին աջակցություն ցույց տալն է։

Իհարկե, այս խիստ միջոցները որոշակի դժգոհություններ են առաջացնում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների շրջանում։ Բայց ես միշտ մի հարց եմ տալիս, որը կարծում եմ նրանց էականորեն զինաթափում է։

Ես հարցնում եմ, սիրելի քաղաքացիներ, ու՞մ համար ենք մենք Սևանի ձկնային պաշարները պահպանելուն և զարգացնելուն ուղղված այս խիստ միջոցները ձեռնարկում։ Ո՞ւմ համար ենք մենք դա անում: Ես ինձ համա՞ր եմ դա անում, կամ իմ շրջապատի՞ համար եմ անում։

Եվ քաղաքացիները գիտեն, որ Կառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ մեր ազգականների։ Դա անում ենք այդ նույն, ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար, և նրանց սերունդների, որ նրանք եկամտի կայուն և երկարաժամկետ աղբյուր ունենան։

Եվ արդյունքներն ակնհայտ են։ Վերջին 10 տարիների ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը (կենսազանգվածը) աճել է ավելի քան 10 անգամ՝ 2010-ականների կեսերի ճգնաժամային մի քանի հարյուր տոննայից, այսինքն, ըստ էության, անհետացման եզրին հայտնվելուց, 2026 թվականի հուլիսի դրությամբ հասնելով ավելի քան 4500 տոննայի։

Սևանա լճում Կառավարության կողմից իրականացնում է նաև Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիրը։ Մինչև 2025 թվականը Սևանի իշխանի պաշարները լճում եղել են աննշան՝ մինչև 20 տոննա։ 2025թ․ պաշարները գնահատվել են շուրջ 138 տոննա, իսկ արդեն 2026-ի հուլիսի դրությամբ՝ 374 տոննա։ Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում։ Նրանց խոսքով՝ նման հաճախությամբ դա հիշում են միայն իրենց պապերի պատմություններից:

Հայաստանի բարձրլեռնային գետերում հաջողությամբ իրականացվում է նաև կարմրախայտի պոպուլյացիայի վերականգնման և զարգացման ծրագիրը։ Այս պահին արդեն ձևավորվել է մայրական կազմ, և դրանից ստացված մանրաձկները նախատեսվում է շարունակաբար բաց թողնել Հայաստանի բարձրլեռնային գետերում։ Միայն այս տարի նախատեսվում է բաց թողնել շուրջ 50 հազար մանրաձուկ։

Մեր հաջողության հաջորդ պատմությունը վերաբերվում է Կովկասյան ընձառյուծին, որը համարվում էր Հայաստանում վերացած տեսակ։ Այսօր Հայաստանում գնահատվում է 6–7 առանձնյակ, իսկ 2024 թվականին արձանագրվել է նաև 2 ձագ․ ընձառյուծի առկայությունը լիարժեք էկոհամակարգի կարևոր ցուցիչ է, իսկ ձագի ծնունդը դրա կայունության մասին է փաստում։

«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը մեկ այլ հաջողության պատմություն է մեզ համար։ Այս կենդանին նույնպես համարվում էր վերացած տեսակ Հայաստանում։ Բայց 2022–2025 թթ. բնություն է բաց թողնվել ընդհանուր 22 առանձնյակ։

Արդեն բնության մեջ ծնվել է 8 ձագ, ինչը վկայում է, որ վերաբնակեցված կենդանիները սկսել են բնական պայմաններում հաջողությամբ վերարտադրվել։

Ձե՛րդ գերազանցություններ, հարգելի ներկաներ․

Այս հաջողություններով հանդերձ, Հայաստանում, ցավոք, շարունակվում են թե՛ ապօրինի անտառահատումները, թե՛ որսագողության դեպքերը, թե՛ բնության ապօրինի շահագործման օրինակներ ունենք։

Նաև այս խնդիրները կառավարելու նպատակով մենք ընդամենը երկու տարի առաջ սկսել ենք Էկոպարեկային ծառայության, այսինքն, ըստ էության, էկոլոգիական ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն այժմ գործում է մեր տասը մարզերից չորսում։ Եվ շարունակաբար կներդնենք մյուս մարզերում ևս:

Ծառայության խնդիրն է բնության շուրջօրյա պահպանություն իրականացնել, և մենք մտադիր ենք այս ծառայությունը զարգացնել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալության և բարեվարքության իմաստով։

Մեր անտառները վերականգնվելու շատ մեծ հատկություն ունեն, զուգահեռ մենք իրականացնում ենք և պիտի շարունակենք իրականացնել անտառվերականգնման ծրագրեր, բայց պետք է նաև հասկանանք, որ առանց անտառների պահպանության և մարդկանց շրջանում էկովարքագծի սերմանման շատ դժվար կլինի լուրջ արդյունքների հասնելը։

Ուզում եմ նաև քաջալերանքի և գոհունակության խոսքեր ասել այն միջազգային և հասարակական կազմակերպություններին, ովքեր իրենց նվիրել են Հայաստանում անտառվերականգնում կամ անտառահիմնում իրականացնելու գործին։ Սա շատ կարևոր աշխատանք է, և մենք պատրաստ ենք միավորել մեր ջանքերը սիներգիայի հասնելու համար։

Մեր երկրի համար առանձնահատուկ մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելը, և մենք դժվար քայլերով, բաց, այնուամենայնիվ, շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրխնայող համակարգերի և տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը Կառավարության առաջնահերթությունների շարքում է, բայց այստեղ էլ ակնհայտ է, որ ոչ պակաս կարևոր է ջրխնայող մենթալիտետի ներդրումը մեր հանրության շրջանում։

Նույնը պետք է ասեմ կոշտ թափոնների կառավարման ոլորտի մասին, որտեղ, ցավոք, մեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս։

Մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ հատկապես մարդկանց մտածողության մեջ փոփոխությունները տեղի են ունենում շատ դանդաղ, և լուծումը այստեղ հետևողականությունն է, շարունակականությունը, և մենք վճռական ենք գնալ հենց նման ճանապարհով։

Ձերդ գերազանցություններ, հարգելի ներկաներ,

Միջազգային հանրությունը արդեն ձևավորել է «բնության հետ ներդաշնակ ապրելու» տեսլականը և 2022 թվականին ընդունել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը՝ սահմանելով նպատակներ և հստակ թիրախներ մինչև 2030 թվականը։

Մենք գտնվում ենք այդ թիրախներին հասնելու ճանապարհի կեսին և պետք է անկեղծորեն ընդունենք՝ հավաքական առումով դեռևս անհրաժեշտ ուղու վրա չենք գտնվում։ Այժմ մեր խնդիրը նոր խոստումների ձևակերպումը չէ։ Մեր խնդիրն արդեն իսկ ստանձնած պարտավորությունները իրական գործողության վերածելն է։

Կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովը լավ հնարավորություն է, որ մենք հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունը ուրախ է աջակցել այս հնարավորությանը։

Հաջողություն եմ մաղթում Կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի աշխատանքներին։

Շնորհակալ եմ ուշադրության համար։

Հանդիպում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հանդիպում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

էներգետիկայի և ջրային ոլորտներում Հայաստանի և Հունաստանի  կարգավորող մարմինների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

էներգետիկայի և ջրային ոլորտներում Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի

Սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց. Աբբաս Արաղչի

Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե

Վրաստանում մինչև 2030 թ. անտառտնկման աշխատանքները կընդգրկեն ևս 30 հազար հա տարածք. Կոբախիձե

Ռուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոնը՝ ջրային խնդիրների մասին

Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել. Ռահմոնը՝ ջրային խնդիրների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում