«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին: «Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանի տարածքով ներպետական անխոչընդոտ տարանցումն իրականացնելու համար»,- հարցրեց նա։
«Ճշգրիտ այնքան ջանքեր, որքան ներդրվել են Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան ներպետական հաղորդակցությունն ապահովելու համար, այսինքն՝ այսօր Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան հաղորդակցություն չկա մի պարզ պատճառով՝ դրա համար կոմունիկացիաներ չկան՝ ճանապարհ չկա, երկաթուղի չկա։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ-ին։ Մենք մեր երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային հաղորդակցություն չունենք, և մեզ համար հետաքրքիր է, որ Նախիջևանի տարածքով դեպի Սյունիքի մարզ հաղորդակցություն ունենանք։
Երբ խոսում ենք խորհրդային ժամանակների երկաթգծի վերականգնման մասին Մեղրիով, երբ կգանք կհասնենք այդ կետին, որ նաև սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ խաղաղություն կլինի, ես համոզված եմ, որ ապագայի ինչ-որ մի պահի մենք կանդրադառնանք մինչև Կապան երկաթուղին հասցնելու թեմային, որովհետև խորհրդային ժամանակներում այն գործել է, բայց Ադրբեջանի տարածքով։ Սա շատ կարևոր է նաև ԶՊՄԿ-ի գործունեության տեսակետից, Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության տեսակետից և, հաշվի առնելով ավտոճանապարհների բեռնվածությունը, գերբեռնվածությունը և խցանումները, սա կարևոր նախագիծ է, որը պետք է իրագործենք»,- նշեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երկաթուղին բացվել է, և կարևոր է արձանագրել, որ այդ ընթացքում ահագին ներկրումներ են տեղի ունեցել, և նաև երկաթուղով արտահանման հնարավորություններ կան։
Փաշինյանը նշեց, որ Երասխի հատվածում մրցույթ է հայտարարվել, որպեսզի երկաթուղին վերականգնվի։
«Այն պահից, երբ ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան տրանսպորտային կապը, զուգահեռաբար կապահովվի Նախիջևանի տարածքով նաև կապը Մեղրիի և Հայաստանի մյուս տարածքների միջև՝ միանշանակ և աներկբա»,- ասաց վարչապետը։













