Նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկվում են նաև երկկողմ օրակարգի հարցեր, դրանք բաց թողնելը ճիշտ չի լինի. Փաշինյանը՝ ՌԴ այցի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Այդ քաղաքականության մեջ չի մտնում այն, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների: Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել այն, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու և ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու ու չենք խորացնելու: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մայիսի 9-ի առթիվ ՌԴ մեկնելու իր որոշմանն առնչվող մեկնաբանություններին ու քննադատություններին:

«Ինձ համար, ճիշտն ասած, այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները»,- ասաց նա՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկվում են նաև երկկողմ օրակարգի հարցեր, դրանք բաց թողնելը ճիշտ չի լինի, և Փաշինյանը չի կարծում, որ քննադատություններն ու դիտարկումները տեղին են:

Հարցին՝ կա՞ն արդեն պլանավորված հանդիպումներ, վարչապետը պարզաբանեց՝ շփումներ կլինեն, բայց թե որքանով դրանք կֆորմալացվեն, հայտնի չէ: Միայն հայտնի է, որ գրաֆիկը խիտ է լինելու:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել էր մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում