Չեմ հասկանում՝ ինչ եք ուզում պարեկներից. Վահագն Ալեքսանյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին չթիրախավորել նրանց

ԿԿարմեն Ղուկասյան

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ Մանուկյանն իր ելույթում հայտարարել էր, թե պարեկները ստանում են 371 հազար դրամ ամսական աշխատավարձ, իսկ Հայաստանի մարտական հենակետում նստած, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը՝ օրական 1700 դրամ աշխատավարձ: 

«Պարոն Մանուկյան, այդ ի՞նչ թվաբանություն է: 1700 դրամ մեկ օրվա համար աշխատավարձ, որ ասում եք, կազմում է ամսական 60 հազար դրամից քիչ: Դա Հայաստանի նվազագույն աշխատավարձից քիչ է: Չի կարող նման աշխատավարձ լինել: Գոյություն չունի, անհնար է նման աշխատավարձ լինի: Այսինքն՝ մենք ունենք զինծառայող, որ ամսական 50 հազար դրամ աշխատավա՞րձ է ստանում: Պարոն Մանուկյան, չկա տենց բան»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է պարեկների թիրախավորմանը, պատգամավորը նշեց՝ ՀՀ ոստիկանության ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ, բարձր աշխատավարձ պետք է ստանան նաև ՀՀ զինծառայողները:

«Առհասարակ, ՀՀ պետական ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրենք քայլեր ձեռնարկել են:

«Ոչ մի իշխանություն այդքան քայլ չի ձեռնարկել ու այդքան աշխատավարձ չի բարձրացրել, ինչքան մենք: Նույն զինծառայողների աշխատավարձը ոչ ոք այդքան չի բարձրացրել, որքան մենք: Չեմ հասկանում՝ ինչ եք ուզում պարեկներից: Անկեղծ, ինձնից շատ ոչ ոք շատ չի ուզում, որ մեր զինծառայողները ստանան հնարավոր ամենաբարձր աշխատավարձը, ու դրա ուղղությամբ ամեն ինչ արվում է, բայց չի կարելի անընդհատ թիրախավորել պարեկներին: Պարեկները հո օդից չեն ընկել էս երկրում: Էդ մարդիկ, օրինակ, նույն էն տղերքն են, որ սահման են պահել, նույն մարդիկ են, որ զինծառայություն են անցել: Մեր քաղաքացիներն են: Կոնկրետ խավ է, որի նկատմամբ ատելություն եք սերմանում»,- նշեց Վահագն Ալեքսանյանը՝ կոչ անելով խոսել թիրախային:

«Եկեք ասեք, օրինակ՝ բարձրացրեք սերժանտների աշխատավարձը, ես էլ ասեմ՝ այո, եկեք բարձրացնենք ինչքան հնարավոր է»,- հայտարարեց պատգամավորը:

Գեղամ Մանուկյանի հայտարարություններին արձագանքեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ լրացուցիչ ճշտել է նրա ասածները:

«Ձեր ասած՝ օրական 1700 դրամ աշխատավարձ հասկացություն առհասարակ չունենք: Մինիմալն եմ ասում՝ մարտական հերթապահություն իրականացնողներինը մոտ 4000 դրամ է, սակայն կապված դիրքերի կահավորման վիճակից՝ նաև գումար է ավելանում դրա վրա, այսինքն՝ առնվազն 4000 դրամ աշխատավարձ է ստանում, դրան գումարվում է հավելում: Այն աշխատավարձը, որ դուք նշեցիք՝ 220 հազար դրամի չափով, դա մինիմալն է»,- պարզաբանեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ լավ ատեստավորված, ամենացածր սերժանտի աշխատավարձը կազմելու է մոտ 490 հազար դրամ:

«Կարծում եմ՝ սա հրապուրիչ է, սա գրավիչ է, և մենք սա կարող ենք հիրավի համարել որպես դրական մոտեցում թե՛ սոցիալական վիճակի բարելավման իմաստով, թե՛ մեր զինված ուժերը պատրաստված սերժանտներով համալրելու իմաստով»,- նշեց պաշտպանության նախարարի տեղակալը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում