Միրզոյանը Բելգիայի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱԱնժելիկա Ժամհարյան

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ ի շարունակություն օգոստոսին Բելգիայի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդյալնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին, թե՛ տարածաշրջանային օրակարգին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ և մտքեր փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դրական գնահատելով առկա արդյունքներն ու նախանշվող ծրագրերը:

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումները: 

Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման ՀՀ տեսլականին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Գրանադայում հոկտեմբերին Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության սկզբունքներին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից նախանշվող հնարավորությունները տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների համար: Ընդգծվել է ՀՀ  շահագրգռվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով:

Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավելի հայ բնակչությանը Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ: Կարևորվել է ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում