Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը

ԼԼուսինե Մուրադյան

2023-ին Հայաստանի ռազմական բյուջեն շուրջ 1,24 միլիարդ դոլար էր, այնինչ Ադրբեջանինը 2,5 անգամ ավելի էր, բայց սա ամենացածր հարաբերակցությունն է՝ սկսած 2005 թվականից, երբ Ադրբեջանն սկսեց զգալիորեն մեծացնել իր ռազմական բյուջեն և սպառազինության ձեռքբերման ծավալները: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների բազան՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի բյուջեների հաշվառումների:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն պատմական առավելագույնի է հասել 2015 թվականին՝ կազմելով 3,4 միլիարդ դոլար: Նավթի և զազի միջազգային գների նվազմամբ պայմանավորված՝ այն կրկնակի կրճատվեց 2017-ին՝ հասնելով 1,7 միլիարդ դոլարի:

«Այդ ժամանակվանից սկսած՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն կայուն աճում է: Ադրբեջանի՝ ռազմական ծախսերով ամենամեծ աճը գրանցվել է 2006 և 2011 թվականներին, երբ այն գրեթե կրկնապատկվեց նախորդ տարիների համեմատ»,- ասաց պատգամավորը:

Հայաստանի ռազմական բյուջեի աճն առավել համեստ է եղել՝ ըստ Սերգեյ Բագրատյանի գնահատականի: Վերջին 20 տարում՝ դոլարային փոխարժեքով արտահայտված, Հայաստանի ռազմական ծախսերն աճել են գրեթե ամեն տարի:

«Նախկինում ամենազգալի աճը գրանցվել է 2016-2019 թվականներին, երբ Հայաստանի պաշտպանական բյուջեն 453 միլիոն դոլարից հասավ 653 միլիոն դոլարի: Հայաստանի պաշտպանական ոլորտի ռազմական ծախսերը 2023-ին նախատեսված աճի շնորհիվ (2023-ի տվյալներով) Ադրբեջանին զիջում է 2,5 անգամ: Նախկինում նման ցուցանիշ գրանցվել է 17 տարի առաջ՝ 2005-ին, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ռազմական բյուջեից կրկնակի ավելի էր:

1995-1998 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերում պահպանվել է որոշակի հավասարակշռություն: Մինչև 2005-ը Ադրբեջանը տարբերությունը հասցրեց կրկնակիի, դրանից հետո բարձրակետին հասավ 2011-2012 թվականներին: Այդ տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանի ռազմական ծախսերից ավելի էին 8-9 անգամ»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ Ադրբեջանը վերջին 2 տասնամյակների ընթացքում իր բյուջեի 8,7-17,5 տոկոսն անընդհատ ուղղել է ռազմական ոլորտին»:

Սերգեյ Բագրատյանը եզրակացրեց, որ սա է պատճառը և հետևանքը, որ ունենք այս իրողությունը, բայց նաև նկատեց՝ դա չի նշանակում, որ պետք է թևաթափ լինել, այլ պետք է հայկական աշխարհի, Սփյուռքի ամբողջ ներուժը ի սպաս դնել Հայաստանի անվտանգության կայացմանն ու հզորացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում