Անցած երկու օրվա ընթացքում Դարֆուրում զոհվել է 120 մարդ

ԴԴավիթ Մուրադյան

Ղրիմի կամրջով երթևեկությունը մոտ ժամանակներս կվերսկսվի: Տեղի իշխանությունը հայտնել է, որ կամուրջը չի վնասվել. հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու հրթիռ: 

ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 80-Ի

Հավայան Մաուի կղզում, հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի: Այդ մասին հայտնել է կղզու շրջանային վարչությունը։ Փրկարարները շարունակում են կրակի մահման և հրդեհի տեղայնացման աշխատանքները կղզու մի շարք քաղաքներում: Մաուի կղզում անտառային հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, և ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է Լահայնա զբոսաշրջային քաղաքում։ Հրդեհի հետևանքով քաղաքն ամբողջությամբ այրվել է, մարդիկ փորձել են կրակից պաշտպանվել օվկիանոսում։ Նրանց փրկել են առափնյա պահպանության աշխատակիցներն ու կամավորները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնային ծառայություններին կարգադրել է աջակցություն ցուցաբերել Հավայան կղզիներում հրդեհների մարման հարցում:

Լրատվամիջոցները ցուցադրել են կադրեր, որոնք պատկերում են տարերային աղետից հետո քաղաք վերադարձող Լահայնայի բնակիչներին: Նրանց մի մասը փորձել է գոնե ինչ-որ բան գտնել մոխրացած տներից:

ԵՐԿՈՒ ՕՐՈՒՄ ԴԱՐՖՈՒՐՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 120 ՄԱՐԴ

Անցած երկու օրվա ընթացքում Սուդանի Դարֆուր արևմտյան շրջանում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ՝ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Միջցեղային տարաձայնությունների պատճառով առավել կատաղի բախումներ են տեղի ունեցել Չադին սահմանակից Հարավային Դարֆուր նահանգում: Աղբյուրը հայտնում է, որ այնտեղ առավոտից վերսկսվել են նաև ինտենսիվ մարտերը բանակի և Սուդանի արագ արձագանքման ուժերի միջև: Նյալա քաղաքում հակամարտող կողմերը հրետանային հարվածներ են հասցնում միմյանց։

2023 թ. ապրիլին երկրում հակամարտության վերսկսվելուց ի վեր՝ Սուդանի բանակի և հատուկ նշանակության ջոկատների միջև մարտերի, ինչպես նաև դրանց զուգահեռ ընթացող զինված միջցեղային բախումների հետևանքով Դարֆուրում զոհվել է առնվազն 5 հազար մարդ:

ԿԵՐՉԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ ՀՕՊ-Ը ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ 2 ՀՐԹԻՌ Է ԽՈՑԵԼ

Կերչի նեղուցի շրջանում հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական երկու հրթիռ՝ հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

Նա հավելել է, որ Ղրիմի կամուրջը չի վնասվել, թեպետ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն էլ պարզաբանել է, որ նեղուցով կամրջի անցման շրջանում նկատվող ծուխը հատուկ ծառայությունների կողմից արձակված ծխածածկույթ է: «Մոտ ժամանակներս երթևեկությունը կվերսկսվի»,- տեղեկացրել է Կրյուչկովը:

Ուկրաինական կողմից պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սակայն լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են լուսանկարներ և տեսանյութեր, որտես երևում է Ղրիմի կամուրջը պատած ծուխը:

Ռուսական կողմը կանխել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը՝ միաժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը հավելել է, որ 20 ԱԹՍ-ից 14-ը ոչնչացրել են ՀՕՊ միջոցներով, մնացածը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Նախարարությունից ընդգծել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐԶԱՅԻՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐՆԵՐԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է զինկոմիսարիատներում ստուգումների անցկացումը:

Նրա խոսքով՝ զինկոմիսարիատների պաշտոնատար անձանց նկատմամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 112 քրեական վարույթ, կա նաև 33 կասկածյալ:

«Որոշում ենք կայացրել պաշտոնից ազատել բոլոր մարզային զինկոմիսարներին։ Այս համակարգը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը և ինչու պետք է ցինիզմն ու կաշառակերությունը պատերազմի ժամանակ համարել պետական դավաճանություն»,- նշել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահն առաջարկել է, որպեսզի զինկոմիսարիատները ղեկավարեն մարտադաշտից վերադարձած և իրենց առողջությունը հանուն հայրենիքի զոհաբերած մարդիկ, ովքեր այլև չեն կարողանալու մարտական առաջադրանք կատարել:

Նախագահը հավելել է, որ երկու շաբաթից տեղի կունենա ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ այդ պաշտոններում կառաջադրվեն նոր թեկնածուներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում