Ստեփանակերտում լոլիկը դարձել էր 2500 դրամ. գնաճը զսպելու համար ԼՂ կառավարությունը քայլեր է ձեռնարկել

ՆՆարեկ Սահակյան

Դիզվառելիքի սղության պատճառով Լեռնային Ղարաբաղի համայնքներից Ստեփանակերտ գյուղմթերքի մատակարարման լուրջ խնդիր կա, ինչի հետևանքով բանջարեղենի և մսի շուկայում գրանցվել էր գնաճ: Խնդիրը կարգավորելու համար ապրանքների մատակարարումը կազմակերպում է պետական ընկերությունը:

Արայիկ Ավանեսյան (ընկերության տնօրեն) - Մենք փորձում ենք եղած հնարավորությունները ռացիոնալ օգտագործելով՝ այդ ամենը հնարավորինս արտադրողից հասցնել մինչև մայրաքաղաք:

Տնտեսվարողների հետ գործակցելով՝ բանջարեղենն ու միսը առևտրի կետերի համար մատակարարվում է կոլեկտիվ եղանակով, որ տրանսպորտի հնարավորությունն օգտագործվի առավելագույնս արդյունավետ, ասում է Ավանեսյանը: Արդյունքում՝ գյուղմթերքի շուկայում գները կարգավորվում են:

Արայիկ Ավանեսյան - Ինձ թվում է՝ մենք արդեն հասցրել ենք շուկայում գոյություն ունեցող գները պետության կողմից սահմանված գներին:

Հիմա լոլիկի գինը, օրինակ՝ 700 դրամ է, մինչդեռ մինչև պետական ընկերության գործունեությունը հասել էր 2500-ի, խոզի միսն էլ 7000 դրամից այժմ կրկին դարձել է 4500: Որպեսզի կառավարության սահմանած գները պահպանվեն, հսկողություն են իրականացնում տեսչական մարմինները՝ զուգահեռ հետևելով նաև սննդամթերքի անվտանգությանը: Հատկապես այժմ, երբ Ասկերանի շրջանում խոզերի աֆրիկական ժանտախտի երկու դեպք է գրանցվել:

Մհեր Ալահվերդյան (ԼՂ ՊՏԿԿ անասնաբուժության պետական տեսչության պետ) - Մսի իրացման շուկան վերահսկվում է դիտարկումների և ստուգումների միջոցով, սակայն հաշվի առնելով Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով վերահսկվում է մսի շուկան:

Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության նախարարությունում վստահեցնում են՝ աֆրիկական ժանտախտի օջախները մարվել են, ոչնչացվել է 50 գլուխ խոզ:

Ռադիկ Գևորգյան  (ԼՂ ԳՆ անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ) - Աֆրիկական ժանտախտ հիվանդության դեպքում առաջին իսկ դեպքը եթե արձանագրվում է, տնտեսության մնացած բոլոր կենդանիներին անարյուն եղանակով պետք է ոչնչացնել, քանի որ հիվանդացած և առողջացած կենդանին մնում է վարակակիր: Այսինքն՝ տնտեսապես շահավետ չէ, այն վարակ է տարածում:

Կանխարգելիչ միջոցառումների արդյունքում գյուղացիական տնեսություններում հակահամաճարակային վիճակը կայուն է, վստահեցնում են Լեռնային Ղարաբաղի գյուղնախարարության նախարարությունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում