Զելենսկին Արևմուտքին առաջարկել է ավելի վաղ սկսել հակահարձակումը

ԴԴավիթ Մուրադյան

ՀՐԵՏԱՆԻՆ ԵՎ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ. ԶԵԼԵՆՍԿԻ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ղեկավարների հետ զրույցներում առաջարկել է ավելի վաղ սկսել հակահարձակումը և փորձել է դրա համար զենք ձեռք բերել:

«Հակահարձակման դանդաղումը տեղի է ունենում մարտի դաշտում որոշակի դժվարությունների պատճառով։ Այնտեղ շատ են ականները։ Ես ուզում էի, որ մեր հակահարձակումը շատ ավելի շուտ սկսվեր, քանի որ ուշ սկսվելու դեպքում ավելի շատ տարածքներ էին ականապատվելու»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ հրետանին և հրթիռները կօգնեն արագացնել հակահարձակումը։ Նրա խոսքով՝ լրացուցիչ զենքերը թույլ կտան Ուկրաինային հակահարձակման անցնել այն ուղղություններով, որոնց մասին առայժմ մտածել չի կարելի։

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԻԺԸ ՊԵՏՔ Է ԿՐԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ԾՈՒԼՈՒԿԻԱՆԻ

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր պատիժն ամբողջությամբ պետք է կրի Վրաստանում՝ հայտարարել է երկրի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։

Նա հավելել է, որ կգա ժամանակը, երբ Վրաստանի ժողովուրդը և իշխանությունը միասին կգնահատեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու որոշումը՝ արտաքսել Վրաստանի դեսպանին Կիևից՝ նախկին նախագահի առողջական վիճակի պատճառով:

Ավելի վաղ Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր Վրաստանի դեսպանին հետ ուղարկել Թբիլիսի՝ Սաակաշվիլու հարցով խորհրդակցությունների համար: Վրաստանի ԱԳՆ-ն Կիևի որոշումը համարել է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև, ինչպես նաև միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին:

ԲԼԻՆՔԵՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Բլինքենն ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը և կոչ արել Թուրքիային աջակցելու Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։ Քննարկվել է նաև Սևծովյան հացահատիկային նախաձեռնության ընդլայնման կարևորությունը:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բաքվում կառուցողական, հանգամանալից և արդյունավետ քննարկում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ակնկալվում է, որ այս հստակ և անկեղծ երկխոսության արդյունքները նոր գլուխ կբացեն երկու բարեկամ, եղբայրական և հարևան երկրների՝ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում և կհիասթափեցնեն երկու երկրների թշնամիներին ու չարակամներին»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Աբդոլլահիանը Բաքվում մասնակցել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը, որի շրջանակում էլ հանդիպում է ունեցել Ալիևի հետ։ Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումները, Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերությունները:

Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը: Սակայն Աբդոլլահիանը ևս մեկ անգամ շեշտել է՝ Իրանը դեմ է և միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում