Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները. Փաշինյան

ԿԿարմեն Ղուկասյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ լուսադեմին ադրբեջանական ԶՈՒ ստարաբաժնումների կողմից հրետանային զենքերից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին, ներկայացրել իրավիճակի սրման Ադրբեջանի հիմնական նպատակները:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Այսօր ժամը 06:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստարաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին:

Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունն որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո: Մեր կողմից կան 4 վիրավորներ, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում:

Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները:

Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիա և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար:

Սա տեղի է ունենում հիմա: Սա է տեղի ունենում հիմա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են: Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար: Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով:

Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան հետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար: Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, կրկնում եմ, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խաթարելը:

Բայց սա միակ նպատակը չէ, և հաջորդը միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը:

Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է: Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքն արգելափակելու միջոցով: Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով: Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով: Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը:

Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում: Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել:

Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փորթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել: Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի: Ցավոք, կրկնում եմ, ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել: Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման:

Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Արդբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է այս համատեքսում հետևյալն է՝ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա: Մանավանդ, որ 2022 թվականի Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն, կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից:

Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր հրապարակային պայմանավորվածությունները, և ընդհանրապես, դժվար է հիշել մի համատեղ ընդունված փաստաթուղթ, որ Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ, երբեմն՝ ավելի հաճախ տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին:

Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածողը չդառնալ: Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերական տեղեկատվության հրապարակումը:

Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ իրադրությունը լարվածության էական նվազում է արձանագրել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել: Շնորհակալություն»:

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում