Ռուսաստանը մտադիր է թույլ չտալ, որ միջուկային պատերազմ սկսվի

ԴԴիանա Գասպարյան

Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» հրամանագիրը։ Այն սահմանում է երկրի միջազգային գործունեության առաջնահերթ ոլորտները, նպատակներն ու խնդիրները։ Փաստաթղթում նշվում է, որ Արևմուտքի ոչ բարեկամական գործողությունների ֆոնին Ռուսաստանը կշարունակի զարգանալ և կպաշտպանի իր իրավունքները «բոլոր հասանելի միջոցներով»:

Ըստ հայեցակարգի՝ ԱՄՆ-ը սպառնալիքների հիմնական աղբյուրն է թե՛ Մոսկվայի, թե՛ ամբողջ աշխարհի համար: «Ռուսաստանը մտադիր է վերացնել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների «գերակայության հիմքերը», իսկ արևմտյան երկրների հետ գործակցության փոխարեն Մոսկվան այժմ շահագրգռված է միայն խաղաղ համակեցությամբ։ Ռուսաստանը նաև մտադիր է թույլ չտալ, որ միջուկային պատերազմ սկսվի։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ռուսաստանն այլ պետությունների հետ իր հարաբերությունները կկառուցի՝ հաշվի առնելով Մոսկվայի նկատմամբ նրանց վարած քաղաքականությունը և պատրաստ է օգտագործել երկրի զինված ուժերը ինչպես իր կամ իր դաշնակիցների դեմ ագրեսիայից պաշտպանվելու, այնպես էլ այն կանխելու համար։

Ռուսաստանը նաև պատրաստ է օգնություն տրամադրել իր դաշնակիցներին և գործընկերներին՝ անկախ նրանց միջազգային ճանաչումից, զարգացնել ռազմական գործակցությունը դաշնակիցների հետ՝ ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև կանխել Ռուսաստանի և գործընկերների հարաբերություններին միջամտելու՝ ոչ բարեկամ երկրների փորձերը:

ԿԱՆԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ. ՀԵՐՑՈԳ

Դատական փոփոխությունների շուրջ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հանդիպումներ ենք ունեցել կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխզիջումային լուծում գտնելու հույս կա»,- հավելել է նախագահը։

Հերցոգը նշել է, որ իր թիմը կանի հնարավորը՝ արձագանքելու իսրայելցիների մտահոգություններին և պահանջներին:

Իսրայելում դատական փոփոխությունների դեմ արդեն մի քանի ամիս է զանգվածային ցույցերը չեն դադարում: Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքն են հայտնում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականության հանդեպ՝ պնդելով, որ նա փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Օրերս Իսրայելի վարչապետը հայտարարեց, որ երկրում զանգվածային ցույցերի պատճառ դարձած դատական փոփոխությունները կասեցվում են մինչև ամառ՝ կանխելու հասարակական պառակտումը և գտնելու տարաձայնությունները լուծելու փոխզիջումային տարբերակներ:

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՀԱՆԴԻՊԵՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Եվրամիությունում Չինաստանի դեսպան Ֆու Ցունը չի բացառել, որ մոտ ապագայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ: Նա հավելել է, որ չինացի բարձրաստիճան պաշտոնյաները կապի մեջ են ուկրաինացի գործընկերների հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Պեկինը ծանուցվել է Սի Ծինփինի հետ հանդիպելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամության մասին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել էր, որ Պեկինի արձագանքը ռուս-ուկրաինական ճգնաժամին և Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման դինամիկան կնախանշի ԵՄ-Չինաստան հարաբերությունների ապագան։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կարևորում է Պեկինի հետ դիվանագիտական հարաբերությունները։

ՋՈՆ ՔԻՐԲԻՆ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԼՔԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը՝ անկախ ուղևորության նպատակից և զբաղմունքից: «Ռուսաստանը ձեզ համար լավագույն տեղը չէ, նույնիսկ եթե դուք լրագրող եք»,- ասել է Քիրբին:

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում երկու ամսով կալանավորվել է The Wall Street Journal-ի լրագրող, ամերիկացի Էվան Գերշկովիչը: Նա մեղադրվում է լրտեսության համար։ Ռուսական կողմը պնդում է, որ նա «գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասին»։ Լրագրողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ լրագրողին ձերբակալել են հանցանքի պահին:

Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ ամերիկացի լրագրողն իրականում Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայում կռվելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում