Մոսկվային անհանգստացնում է փոխզիջումների գնալու կողմերի անպատրաստակամությունը. Զախարովա

ԴԴիանա Գասպարյան

Մոսկվան անհանգստացած է թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի ավելացմամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումների գնալու կողմերի անպատրաստակամությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Կողմերին իրենց հայտարարություններում և գործողություններում զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի պատրաստման, պատգամավորների, հասարակական գործիչների հանդիպումների անցկացման մասով:

Անդրադառնալով սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացմանը՝ Զախարովան կարծիք է հայտնել, թե իբր լայնածավալ խնդիրներն առաջացել են տարածաշրջան Արևմուտքի, Եվրամիության ներգրավումից հետո: Խաղաղության և օգնելու պատրաստակամության մասին խոսքերի հետևում մենք հակառակն ենք տեսնում՝ ընդգծել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ հայ և ադրբեջանցի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը բավական զգայուն է և պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում՝ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում:

Մարիա Զախարովա - Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքը եռակողմ հայտարարություններն են, որոնք ներառում են նաև հումանիտար բաղադրիչ: Այսօրվա գլխավոր խնդիրը Երևանի և Բաքվի կողմից այդ պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումն է»:

Զախարովան հավելել է՝ առկա խնդիրները լուծելու համար հարկավոր է նաև քաղաքական կամք, հստակ ծրագրի առկայություն և այն իրագործելու ցանկություն, դա է հաջողության բանալին:

ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԼՂ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒՆ

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հնարավորությանը և Ռուսաստանում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Երևանն այդ հարցում ակնկալում է Մոսկվայի աջակցությունը՝ Զախարովան այդ հարցում կարևորել է նաև Բաքվի կարծիքը:

Մարիա Զախարովա - Շատ բան, իհարկե, կախված է կողմերի քաղաքական կամքից և իրական տրամադրվածությունից: Կարևոր է, որ կողմերն անշեղորեն կատարեն եռակողմ հայտարարությունների դրույթները: Ինչ վերաբերում է նոր առաքելությանը, ապա դրա տեղակայման համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությունը: Երկու կողմերի համաձայնությունն այդ հարցի վերաբերյալ դեռ չենք տեսել»:

ՊԵՏՔ ՉԷ ՄՏԱԾԵԼ, ԹԵ ՄԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՄԻԱՅՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ Է. ԶԱԽԱՐՈՎԱ

Մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել և վիրավորել ավելի վաղ եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողի որոնողական աշխատանքներին մասնակցած 2 ռուս զինվորականի՝ Զախարովան նշել է՝ հանգամանքները պարզում է ՌԴ ՊՆ-ն: «Սակայն պետք չէ մտածել, թե մեր արձագանքը միայն հրապարակային է, շփումները չեն դադարում: Տարբեր դաշնակիցների մեր դիրքորոշումը հայտնելու տարբեր եղանակներ ունենք»,- նշել է Զախարովան:

ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագետները կքննարկեն միջազգային արդիական հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակը, Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում զարգացումները, Կասպից ծովի խնդիրը և այլ հարցեր: Անդրադարձ կլինի նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում