ՀՀ ԱԳՆ-ն փորձում է Հաագայի դատարանի որոշման չկատարման հարցը բարձրացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում. Եղիշե Կիրակոսյան

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանի արտգործնախարարությունն աշխատում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու ուղղությամբ՝ խորհրդարանում հայտարարեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցի, թե հնարավո՞ր է Անվտանգության խորհուրդը կիրառի ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված սանկցիաներ, հարկադրանքի միջոցներ, և արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկո՞ւմ է:

Հայաստանը, ըստ Կիրակոսյանի, առնվազն երկու տեսանկյունից հարցն Անվտանգության խորհուրդ ներկայացնելու հնարավորություն ունի: Առաջինն այն է, որ կանոնադրությունը անդամ պետություններին նման հնարավորություն տալիս է, և հաջորդը, որ Անվտանգության խորհուրդն օժտված է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման լիազորությամբ:

Դատարանի որոշման չկատարումը՝ Արցախի շրջափակումը շարունակելը, տարածաշրջանում միջազգային անվտանգության համար առաջացնում է լրջագույն ռիսկեր, շեշտեց Կիրակոսյանը քննարկմանը հաջորդած ճեպազրույցում:

Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Գործ ունենք մի երկրի հետ, որ ամեն ինչ անում է խուսափելու միջազգային իրավական պրոցեսներից և իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու: Որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ, որ դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար: Ունենք շատ հստակ, իրավական առումով լավ հիմնավորված որոշում, և Ադրբեջանի հայցի մերժում:

Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի իրավաբանորեն պարտադիր ուժ:

Եղիշե Կիրակոսյան - Ցավոք սրտի, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը, ոչ միայն անտեսում է որոշումը, այլև բոլոր մակարդակներում՝ սկսած ամենաբարձրից, փորձում է աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև արտահայտվել էր վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի նամակում, որն ուղղված էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին պատասխան նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է հարկադրանքի միջոցներ այն պետության նկատմամբ, որի գործողություններն ագրեսիա են որակվում, դատարանի որոշումը, ըստ Մինասյանի, հենց այդ գնահատականն է տալիս Ադրբեջանին:

Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Կարևոր եմ համարում, որ ոչ միայն գործադիր, այլև օրենսդիր մակարդակում պետք է գործողությունները ուղղված լինեն ՄԱԿ-ի անդամ երկրներին ոչ թե առաջարկելու, խնդրելու, այլ պահանջներ առաջադրելու:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց դատարանի որոշմանը միջազգային արձագանքները, կարևորեց նաև Հայասստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու սփյուռքի աշխատանքը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն ընդգծեց ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների գործարկմանն ուղղված համատեղ աշխատանքը:

ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԽԽՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻՆ

Վլադիմիր Վարդանյանը մարտի 22-ին Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ իրավական հարցերի կոմիտեի նիստին, որտեղ կքննարկվի Լաչինի միջանցքի շրջափակման ոչ իրավաչափ լինելու հարցի առնչությամբ հատուկ հայտարարության ընդունումը:

Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այնտեղ լինելը և հայկական դիրքորոշում ներկայացնելը, համապատասխան փաստաթուղթ ստանալը կարևոր կլինեն:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրինագծին:

Ըստ նախագծի՝ ներկայացուցիչն առանց Կառավարության որոշման կարող է Հայաստանի անունից միջանկյալ ու ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջներ ներկայացնել Եվրադատարան ու Արդարադատության միջազգային դատարան:

Նպատակը հրատապ իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու հնարավորությունն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում