Թուրքիայում նախընտրական քարոզարշավը կավարտվի մայիսի 13-ին

ԴԴիանա Գասպարյան

ԲԱԽՄՈՒՏՈՒՄ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել Ուկրաինայի արևելքում: Թիրախում, մասնավորապես, Բախմուտն է, այնտեղ ամենաթեժ մարտերն են: Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալով՝ երեկ ուկրաինական կողմը հետ է մղել ռուսական կողմի 69 հարձակում։ Ուկրաինայի զինված ուժերից նաև հայտարարել են, որ ռուսական զորքերը մեծաթիվ կորուստներ ունեն:

Մինչ այդ ռուսական կողմը հայտարարում է, որ Բախմուտի համար պայքարը շարունակվում է: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տվյալով էլ՝ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ: Ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը նաև տեղեկացրել է, որ իր տվյալով՝ ուկրաինական կողմը հակահարձակման է պատրաստվում:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԿԱՎԱՐՏՎԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև մայիսի 13-ը: Այդ օրը կհայտարարվի «լռության օր»։ Քվեարկությունը նախատեսված է մայիսի 14-ին, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, անհրաժեշտության դեպքում, կարող է անցկացվել մայիսի 28-ին՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի մարտի 23-ին, մարտի 31-ին կհրապարակվի թեկնածուների վերջնական ցանկը։ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցն այժմ համարվում է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

ՇՎԵԴԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՆԱԼ ՆԱՏՕ-ԻՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒԼԻՍՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

Անկարան կարող է հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը մինչև դաշինքի՝ հուլիսին նախատեսված գագաթնաժողովը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Խոսել եմ Շվեդիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացը կավարտվի մինչև դաշինքի գագաթնաժողովը, ինչին ես պատասխանեցի՝ ամեն ինչ կախված է ձեզնից»,- հավելել է Չավուշօղլուն։

Դիվանագետն անդրադարձել է նաև Սիրիայի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ներկայացուցիչների՝ այս ամիս նախատեսված հանդիպմանը: Նա տեղեկացրել է, որ քառակողմ բանակցությունները Մոսկվայի խնդրանքով հետաձգվել են, նոր ամսաթիվը դեռ հայտնի չէ:

«Ռուսական կողմը մեզ տեղեկացրեց, որ չի ավարտել նախապատրաստական աշխատանքները»,- հավելել է թուրք դիվանագետը:

Հիշեցնենք՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում:

ՍԻ ԾԻՆՓԻՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Է

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով Մոսկվայում է: Սա նրա առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Այսօր նախատեսված է Սի Ծինփինի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ գործակցության ամրապնդման հեռանկարը, կստորագրվեն մի շարք կարևոր փաստաթղթեր։

«Վստահ եմ, որ իմ այցը նոր խթան կհաղորդի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այս անհանգիստ իրավիճակում Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ պաշտպանել միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը, խթանել բազմաբևեռությունն աշխարհում և ժողովրդավարացնել միջազգային հարաբերությունները»,- ասել է Չինաստանի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Չինաստանն ու Ռուսաստանը՝ որպես գերտերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, կարևոր դեր են խաղում միջազգային հարցերում։ Սի Ծինփինը նաև հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կնախանշեն ռազմավարական գործակցության խթանման ծրագիրը։

«Ուրախ եմ նախագահ Պուտինի հրավերով վերադառնալ մեր մերձավոր հարևան երկիր։ Չինաստանը և Ռուսաստանը հուսալի գործընկերներ են»,- շեշտել է Սի Ծինփինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում