Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա

ԴԴավիթ Մուրադյան

ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄՆ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ. ԶԱԽԱՐՈՎԱ

ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վաշինգտոնը պետք է մտածի իր ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետևանքների մասին, որոնք հղի են Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական առճակատմամբ և ԱՄՆ-ի համար վիետնամական և աֆղանական ուղղություններում նվաստացուցիչ ձախողման կրկնությամբ»,- ընդգծել է դիվանագետը:

Այդ կերպ Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ելույթը Կիևին զինելու հարցով: Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինային կփոխանցվի գերմանական արտադրության ավելի քան 150 Leopard տանկ, որոնք պարտավորվել է մատակարարել ընդհանուր առմամբ 9 արևմտյան երկիր: Նա հավելել է, որ բացի դրանից՝ շարունակում է աճել այն պետությունների թիվը, որոնք Կիևին ՀՕՊ միջոցներ են տրամադրում։

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը միջազգային արդարադատության համար կարևոր է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը: «Այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների և վայրագությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասել է Բորելը: Նրա խոսքով՝ որոշումը կարևոր է նաև Ուկրաինայի ժողովրդի համար:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը: «Գլխավոր քարտուղարը միշտ կխոսի մեկի հետ, ում հետ պետք է խոսի, որպեսզի առաջ տանի մեր աշխատանքը»,- նշել է Դյուժարիկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կխոսի՞ կամ կհանդիպի՞ Վլադիմիր Պուտինի հետ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը: «Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել՝ նշելով, որ նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման համար։

Մոսկվայից արձագանքել են դատարանի որոշմանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել են, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, և դրանք իրավական տեսանկյունից նշանակություն չունեն Ռուսաստանի համար:

ՆԱՏՕ-ԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահության քննարկմանը՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Մինչ այդ փաստաթուղթը ստորագրել է նախագահ Էրդողանը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ բանակցություններից հետո։ Նախագահության քննարկումից հետո խորհրդարանը քվեարկություն կանցկացնի փաստաթղթի վերաբերյալ:

Մարտի 17-ին Էրդողանը Նիինիստյոյի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, քննարկել Դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը: Նա նաև տեղեկացրել է Հելսինկիի հայտի վավերացման գորժընթացի մեկնարկի մասին: Էրդողանը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցությունները Շվեդիայի հետ կշարունակվեն:

ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայի հարավարեևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից:

Նախօրեին Թուրքիայի իշխանությունները հաշվետվություն են ներկայացրել, որում գնահատվում են փետրվարի 6-ի երկրաշարժի և դրան հաջորդած շուրջ 10 հազար հետցնցումների վնասի ծավալները։ Փաստաթղթի համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 48 հազար մարդ, Թուրքիայի տնտեսությանը հասցվել է մոտ 105 մլրդ դոլարի վնաս: Կանխատեսվել է, որ վնասը կկազմի 2023 թվականի ազգային եկամտի մոտավորապես 9%-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում