Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Երևան

ԴԴիանա Գասպարյան

ՀՀ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 17-20-ը փաստահավաք այցով կժամանեն Հայաստան: ԵԽԽՎ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նրանք կհանդիպեն Հայաստանի բարձրագույն ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՇՐՋԱՓԱԿՎԻ. ՓԱՈՒԵՐ

Լաչինի միջանցքը 67 օր է՝ շրջափակման մեջ է, ինչի պատճառով սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի պակաս է նկատվում. միջանցքն արգելափակողները պարտավոր են վերականգնել երթևեկությունը՝ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:

«Այս հարցի ուղղությամբ աշխատում եմ ամենօրյա ռեժիմով, սերտ կապի մեջ եմ Հայաստանի արտգործնախարարի հետ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝՝ նույնպես։ Այս պահին Ադրբեջանը և ճանապարհը փակած մարդիկ թույլ չեն տալիս ապրանքներ մատակարարել։ Անում ենք հնարավորը՝ դիվանագիտական ուղիներով կարգավորելու հումանիտար ճգնաժամը։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է հայ ժողովրդին և հակամարտության գոտում ապրող մարդկանց»,- նշել է Փաուերը:

Նա հավելել է՝ սա աշխարհաքաղաքական խնդիր չէ, սա մարդկանց կենսական կարիքների հարց է: Ճանապարհը պետք է ապաշրջափակվի:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հերթական հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և Ադրբեջան-Հայաստան խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարները։ Բայրամովը հայտարարել է, թե իբր Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցումը՝ անհիմն որակելով պնդումները, թե Լեռնային Ղարաբաղում «լարված հումանիտար իրավիճակ» է:

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՅՐԱՄՈՎ-ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված հնարավոր միջոցները:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՏՆԵԼ. ՓՐԱՅՍ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին և երկրաշարժից հետո այդ երկրին Հայաստանի մարդասիրական օգնությանը: Նա ողջունել է Հայաստանի, նաև այլ երկրների կողմից Թուրքիայի և Սիրիայի ժողովուրդներին ցուցաբերած աջակցությունը: Փրայսը խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացից: Նա նշել է՝ Վաշինգտոնի ուղերձը Հայաստանին, Ադրբեջանին, և ամբողջ տարածաշրջանին այն է, որ անհրաժեշտ է լարվածության թուլացման միջոցներ գտնել, կանգնել համապարփակ և կայուն խաղաղության ուղու վրա:

Նեդ Փրայս (ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ) - ԱՄՆ ներգրավված է այդ ջանքերում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Կշարունակենք անել հնարավորը, այդ թվում՝ գործակցելով կողմերի հետ՝ առաջ մղելու գործընթացը: Հուսով ենք, որ մյուս երկրներ ճիշտ նույն ուղերձը կհղեն:

Փրայսն անդրադարձել է նաև Ռուսաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությանը, որը Հայաստանին կոչ էր արել ընդառաջ չգնալ Արևմտյան կառույցներին։

Նեդ Փրայս - Մենք դա դիտարկում ենք որպես ինքնիշխան երկրներին սեփական կամքը պարտադրելու փորձ։ Մենք դա առավել ցայտուն տեսնում ենք Ուկրաինայում:

ՀՀ-Ի ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը հանդիպել է Թավրիզի առևտրի պալատի նախագահ Յունես Ժաէլի հետ: Վերջինս ընդգծել է, որ Հայաստանի հետ առևտուր վարելու մեծ հնարավորություններ կան, և պետք է ջանալ ընդլայնել այդ կապերը: Վարամինն, իր հերթին, նշել է՝ հարկավոր է Հայաստանի շուկայում առանձնահատուկ տեղ գրավել:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԿՏԻՎԻՍՏԻ ԿԱԼԱՆՔԸ՝ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի պարտավորությունների հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Բախտիար Հաջիևին կալանքի տակ պահելու կապակցությամբ:

«Շահարկվում է այն կարծիքը, թե պարոն Հաջիևին կալանքի տակ պահելը կապված է նրա ակտիվիստ լինելու հետ: Նրա խափանման միջոցը բազմիցս հրաժարվել են փոխել: Դա անհամաչափ է Հաջիևի դեմ առաջադրված մեղադրանքներին։ Նրա առողջական վիճակն էլ մտահոգիչ է»,- նշել են համազեկուցողները։

Նրանց խոսքով՝ Հաջիևի գործն արտացոլում է Ադրբեջանի կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների կամայական ձերբակալությունների ընդհանուր պատկերը: Պետքարտուղարության խոսնակը ողջունել է Հայաստանի կողմից Թուրքիային օգնության ցուցաբերումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում