Պեկինը կշարունակի Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունները. Ծինփին

ԴԴիանա Գասպարյան

Պեկինը կշարունակի Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունները, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է՝ Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Նախագահները քննարկել են նաև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, Չինաստանի ղեկավարը վստահեցրել է, որ իր երկիրը կշարունակի նպաստել միջուկային խնդրի արագ լուծմանը: Ծինփինի և Ռայիսիի ներկայությամբ նաև Պեկինի ու Թեհրանի միջև տարբեր ոլորտներում գործակցության 20 համաձայնագիր է ստորագրվել:

Սա վերջին 20 տարվա ընթացքում Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Պեկին: Bloomberg-ը գրում է, որ Ռայիսիի այցը Չինաստան ազդարարում է երկու երկրի միջև կապերի ամրապնդումը` Վաշինգտոնի հետ լարվածության աճի ֆոնին:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԻԵՎԻՆ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որին ներկա է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալիքսի Ռեզնիկովը: Օրակարգում Կիևին ռազմական աջակցությունն է:

Ամերիկայի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նշել է, որ Ուկրաինան հրատապ պահանջներ ունի, և Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են երկարաժամկետ աջակցություն տրամադրել Կիևին: Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան և Իտալիան որոշել են Ուկրաինային հակաօդային պաշտպանության նոր համակարգեր մատակարարել, Նորվեգիան էլ 5 տարվա ընթացքում Կիևին 7,5 միլիարդ դոլար կտրամադրի՝ ռազմական և այլ կարիքների համար:

Օսթինի խոսքով՝ Ուկրաինային արևմտյան կործանիչներ մատակարարելու մասին հայտարարություններ չկան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով էլ՝ Դաշինքը պետք է անի հնարավորը, որ Ուկրաինան երկրի զինված ուժերին անհրաժեշտ սպառազինություն ստանա, քանի որ ռուսական կողմը խաղաղություն չի ուզում, այն պատրաստվում է նոր հարձակումների:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ

Թուրքիայում քննարկվում է մայիսի 14-ին նշանակված նախագահի և խորհրդարանի ընտրությունների հնարավոր հետաձգումը։ Նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ ընտրությունները պետք է հետաձգվեն, դրանք չեն կարող անցկացվել ոչ մայիսին, ոչ էլ հունիսին:

«Հիմա՝ երկրաշարժերից հետո, դրանց մասին խոսելը տեղին չէ»,- նշել է նա։

Լրատվամիջոցների տվյալով՝ ընդդիմությունը դեմ է ընտրությունների հետաձգմանը: Նշվում է, որ սահմանադրությունն այս հարցում հստակ է՝ ընտրությունները կարող են հետաձգվել միայն պատերազմի դեպքում։ Թուրք քաղաքագետների համոզմամբ՝ մայիսի 14-ին ընտրությունների անցկացումը չի բխում Ռեջեփ Էրդողանի շահերից, ուստի իշխող կուսակցությունը կփորձի հետաձգել դրանք: Ընդդիմությունը նման պայմաններում հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում