Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն այս շաբաթ արդեն երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել

ԴԴիանա Գասպարյան

ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ
Տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հեռախոսազրույցը՝ հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՍՈԼԵԴԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վոլոդիմիր Զելենսկին Սոլեդարում զարգացումների հետ կապված խորհրդակցություն է անցկացրել: Քննարկվել են ուկրաինական ԶՈՒ հետագա քայլերը՝ քաղաքը պահելու ուղղությամբ: Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմը զգալի կորուստներ է հասցնում հակառակորդին:

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ ռուս զինվորականները ցանկանում են ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը, գրավել Սոլեդարը և շրջափակել ողջ Բախմուտը: Այդ նպատակին հասնելու համար ռուսական կողմը գործի է դրել «Վագներ» ջոկատները և ԶՈՒ կանոնավոր զորքերը: Ուկրաինական կողմը պնդում է՝ չեն պատրաստվում հեռանալ Սոլեդարից:

Ավելի վաղ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հերթական անգամ հայտարարել էր, որ իր ուժերը գրավել են Սոլեդարը: Նրա հայտարարությունը, սակայն, չեն հաստատում ո՛չ Մոսկվան, ո՛չ Կիևը:

ԱՄՆ պետքարտուղարությունն էլ անհանգստություն է հայտնել Սոլեդարում իրավիճակի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործունեության կապակցությամբ: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ Վաշինգտոնն աշխատում է «Վագներ» խմբի չեզոքացման ուղղությամբ, քանի որ այն փորձում է վարձկաններ հավաքագրել Սերբիայից և այլ երկրներից։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ
Ուկրաինայի ԶՈՒ-ն զորավարժություններ է սկսել Բելառուսի հետ սահմանին: Նպատակն է բարձրացնել ուկրաինական ուժերի մարտունակությունը և անհրաժեշտության դեպքում հետ մղել Բելառուսի կողմից հնարավոր ցանկացած գործողություն: Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսից իրական վտանգ դեռևս չեն տեսնում, սակայն պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի:

ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՔՐԴԵՐԻ ՑՈՒՅՑԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Ռեջեփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը զգուշացրել է՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը չի կարող առաջ գնալ, քանի դեռ Շվեդիան աջակցում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին։

Այսպես Քալընը մեկնաբանել է Ստոկհոլմում Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցների ցույցերը, որոնք պահանջել են վերջ տալ Էրդողանի ռեժիմին: Ակցիայի պատճառով Թուրքիայի խորհրդարանի նախագահը չեղարկել է իր շվեդ գործընկեր Անդրեաս Նորլենի այցը Անկարա։

Քալընը հավելել է՝ դատապարտում են Ստոկհոլմում Թուրքիայի նախագահի դեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության աջակիցների գործողությունները և Անկարայի դիրքորոշումը հայտնել են Շվեդիայի իշխանություններին:

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԶՐԿՎԵԼ ԵՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
«Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի» մասին օրենքը ուժը կորցրած ճանաչելուց հետո նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամները կորցրել են գույքի և բանկային հաշիվների անձեռնմխելիության իրավունքը՝ հայտարարել է Ղազախստանի արդարադատության նախարար Ազամատ Եսկարաևը։ Նա մանրամասնել է՝ ի տարբերություն ընտանիքի անդամների՝ Նուրսուլթան Նազարբաևը պահպանում է անձեռնմխելիությունը:

Ըստ օրենքի՝ Նազարբաևը ազգի առաջնորդի կարգավիճակ, ինչպես նաև ցմահ արտոնություններ և երաշխիքներ ուներ։ Հունվարի 11-ին երկրի Սահմանադրական դատարանը ճանաչեց, որ «Ղազախստանի առաջին նախագահի մասին» օրենքը չի համապատասխանում նոր Սահմանադրությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում