Ռայիսին Արևմուտքին մեղադրել է Իրանում հակակառավարական ցույցեր հրահրելու համար

ԴԴիանա Գասպարյան

ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ՝ ՆԱՎԹԻ ԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ԴԵՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառման դեմ պատասխան միջոցների մասին։ Մոսկվան դադարեցնում է նավթի մատակարարումներն այն երկրներին, որոնք գնային սահմանափակումներ են կիրառելու Ռուսաստանի դեմ:

Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Եվրամիություն ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարման էմբարգոն։ ԵՄ երկրները համաձայնեցրել են նաև ծովով մատակարարվող ռուսական նավթի գների առավելագույն սահմանաչափը՝ 60 դոլար մեկ բարելի դիմաց: Նման որոշման մասին հայտարարել են նաև G7-ի երկրներն ու Ավստրալիան։

ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՌԱԿՏԵԼ. ՌԱՅԻՍԻ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին մեղադրել է սեպտեմբերին Իրանում հակակառավարական ցույցեր և անկարգություններ հրահրելու համար:

«Իսլամական հեղափոխության թշնամիները, ապատեղեկատվություն տարածելով, չեն հասնի իրենց նպատակներին և չեն կարողանա պառակտել Իրանի ժողովրդին: Բոլոր այն երիտասարդներին, որոնք խաբվել են, հայրենիքը կընդունի, սակայն դավաճաններին չենք ների»,- ասել է Ռայիսին։

Լրատվամիջոցների տվյալով՝ սեպտեմբերից ի վեր ցույցեր են անցկացվել իրանական ավելի քան 150 բնակավայրում։ Դրանք ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով, ձերբակալություններով և անգամ զոհերով: Դեկտեմբերի 26-ին Իրանի դատախազությունը հայտնել է, որ Թեհրանում ձերբակալված ցուցարարների 83%-ն արդեն ազատ է արձակվել:

ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՒԳԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այցելել է Կենտրոնական Սերբիայի և Կոսովոյի ու Մետոխիայի վարչական սահման, ստուգել զորքերի պատրաստականությունը: Նա միջազգային հանրությանը մեղադրել է Կոսովոյի սերբերի վրա ճնշում գործադրելու՝ Պրիշտինայի քաղաքականությանն աջակցելու համար: Կոսովոյի ներքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Սերբիան՝ Ռուսաստանի գլխավորությամբ, ձգտում է ապակայունացնել տարածաշրջանում իրավիճակը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Կոսովոյի և Սերբիայի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստականության: Այս իրադարձությունների ֆոնին Կոսովոյի հյուսիսում շարունակվում են սերբ բնակիչների բողոքի ակցիաները: ԶԼՄ-ների տվյալով նաև՝ շփման գիծ զինտեխնիկայի նոր խմբաքանակ է տեղափոխվում:

Սահմանին իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է նախկին սերբ ոստիկանի, որը հրաժարական էր տվել՝ այդպիսով իր բողոքը հայտնելով սերբական պետհամարանիշները փոխելու Կոսովոյի որոշման դեմ:

ՄԱԿ ԱԽ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹԱԼԻԲՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է թալիբների կառավարությանը՝ Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքները, մասնավորապես, կրթության իրավունքը ոտնահարելու համար: Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել, որ «Թալիբան» շարժումը կանանց թույլ չի տալիս սովորել, նույնիսկ աշխատել համալսարաններում և հասարակական կազմակերպություններում:

Լրատվամիջոցների տվյալով՝ թալիբների որոշումից հետո կանայք բողոքի ցույցեր են անցկացրել կրթության իրավունքի սահմանափակման դեմ: Հաղորդվում է, որ Քաբուլում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում