Փարիզի կենտրոնում քուրդ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, սկսվել է զանգվածային անկարգություն

ԴԴիանա Գասպարյան

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆ ԶՈՀԵՐ

Փարիզի կենտրոնում քրդական համայնքի ներկայացուցիչները նախօրեին կատարվածից հետո զանգվածային ցույցեր են սկսել: Սակայն խաղաղ ակցիան վերածվել է անկարգությունների, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: ԶԼՄ-ների տվյալով՝ քուրդ ցուցարարները ավերել են կանգառները, հարվածել մեքենաներին, հետիոտնային անցուղիներից հանել սալաքարերը:

Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում երեկ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնի է 3 զոհի մասին, կան վիրավորներ: Դեպքի վայրից բերման է ենթարկվել 69-ամյա տղամարդ: Փարիզի դատախազի ձևակերպմամբ՝ հարձակման պատճառ կարող է լինել ռասայական ատելությունը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները տեղի ունեցածի համար մեղադրում են Թուրքիային: Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի քրդերը սարսափելի հարձակման թիրախ են դարձել։

ԸՍՏ ԹԱԼԻԲՆԵՐԻ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՆ ՉՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ

Թալիբների որոշմամբ՝ այսօրվանից Աֆղանստանի համալսարաններում այլևս չպետք է աշխատեն իգական սեռի ներկայացուցիչներ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ թալիբների բարձրագույն կրթության նախարարությունը նամակ էր ուղարկել Աֆղանստանի համալսարաններ՝ ծանուցելով, որ իգական սեռի ներկայացուցիչները չեն կարող նաև սովորել բուհերում:

Շարժումը նշում է 4 պատճառ՝ տղամարդիկ միշտ ի վիճակի չեն ուղեկցել աղջիկներին համալսարան և ապրել նրանց հետ հանրակացարաններում, ուսանողուհիները խախտում են հիջաբ կրելու կանոնները, համալսարաններում տղամարդկանց և կանանց համատեղ կրթությունն անհնար է, թալիբների համար խնդիր է նաև այն, որ շատ աղջիկներ այնպիսի դասընթացների են հաճախում, որոնք, շարժման համոզմամբ, «հակասում են իսլամական օրենքին և վիրավորում աֆղանստանցիների հպարտությունը»։

Կանայք սկսել են ցույցեր կազմակերպել թալիբների որոշման դեմ և պարբերաբար հավաքվում են համալսարանների մոտ:

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Չնայած Չինաստանում հակահամավարակային խիստ սահմանափակումներին՝ երկրում քովիդով վարակման դեպքերն ավելանում են:

Չինաստանի առողջապահության հանձնաժողովի պաշտոնական տվյալով՝ դեկտեմբերին այդ թիվն տատանվել է օրական 2-ից 4 հազարի սահմաններում։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում COVID-19-ով վարակման գագաթնակետը կարող է գրանցվել հունվարի սկզբին. որոշ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Պեկինում, այդ մտավախություններն արդեն իրականություն են դարձել:

Չինաստանի իշխանությունները մարզային հարյուրավոր բժիշկների և այլ բուժաշխատողների ուղարկել են Պեկին, որպեսզի կորոնավիրուսի նոր ալիքի պայմաններում մայրաքաղաքի հիվանդանոցները կարողանան օգնություն ցուցաբերել վարակվածներին:

ԱՌԱՏ ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՆ ԶՈՀԵՐ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Միացյալ Նահանգների մի շարք շրջաններում ուժեղ ձյուն է տեղացել, ճանապարհներին վատ տեսանելիության պատճառով ավելացել են վթարները, կան զոհեր:

Նյու Յորքում տները և մեքենաները թաղվել են ձյան տակ. հայտնում է Reuters գործակալությունը: Որոշ կամուրջներով երթևեկությունը դադարեցվել է, խաթարվել է օդանավակայանների աշխատանքը, գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները կվատթարանան: Ուժեղ քամիներն էլ ավելի են սրում իրավիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում