Լավրովը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ԴԴիանա Գասպարյան

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո դիվանագետները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել խաղաղության հնարավոր պայմանագրի քննարկումներին:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել էր՝ ներկայումս առաջնային են Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կանխումը, ուստի հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։

Մոսկվայում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4 հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել Պրահայում Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև հանդիպման արդյունքներին:

ԼԱՎՐՈՎԻ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԼԱՉԻՆՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Քննարկել ենք, իհարկե, այժմ ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնող թեման՝ Լաչինի միջանցքում իրավիճակի սրացումը: Հաստատել ենք, որ ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են միջանցքում իրավիճակի կարգավորման համար և կապի մեջ են համապատասխան կողմերի հետ: Մենք հանդես ենք գալիս տրանսպորտային հաղորդակցության շուտափույթ վերականգնման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հետ կապված տարաձայնությունների հարթման օգտին: Այս հարցը ժառանգել ենք խորհրդային շրջանից:

Բոլորը պետք է խստորեն հետևեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, որոնք վերաբերում են նաև Լաչինի միջանցքով տեղաշարժի ռեժիմին: Մեր ադրբեջանցի գործընկերները, եթե ճիշտ եմ հասկանում, նույն դիրքորոշումն ունեն:

Լավրովը խոսել է նաև Լաչինի միջանցքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունից:

Սերգեյ Լավրով - Մեր խաղաղապահ զորախմբի հասցեին հնչող կշտամբանքներին տեղյակ ենք: Խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հիշեցնեմ՝ տեղում իրավիճակը շատ բարդ է, մեր զինվորականների համար բավականին լուրջ դժվարություններ են ստեղծվում, այդ թվում՝ եռակողմ հայտարարության դրույթների խախտման պատճառով: Եթե ոմանք համարում են, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ինչ-որ փաստահավաք Մինսկի խումբ պետք է փոխարինեն ռուս խաղաղապահներին, դրա համար նախ անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, եթե նման հետաքրքրվածություն կա, ապա պետք է հանդես գալ համապատասխան առաջարկով, այնուհետև նստել բանակցությունների սեղանի շուրջ և որոշել:

ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի կարգավորման հարցը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ լավագույն որոշումը կլիներ սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքների շուտափույթ մեկնարկը, ուժի կիրառումից խուսափելը և վիճելի բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական միջոցներով լուծելը: Նա հույս է հայտնել, որ հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումը երեք երկրի փոխվարչապետների գլխավորությամբ առաջիկայում կսկսի հստակ պայմանավորվածությունների մշակումը:

Ռուս դիվանագետը հավելել է, որ անդրադարձ է եղել նաև «3+3» տարածաշրջանային հարթակին: Լավրովը հայտնել է, որ այդ ձևաչափի շրջանակում նախարարական մակարդակով հանդիպում է նախապատրաստվում, այժմ համաձայնեցվում են դրա անցկացման ժամկետները և վայրը:

Լաչինի միջանցքի թեմային անդրադարձել է նաև Ջեյհուն Բայրամովը:

Ջեյհուն Բայրամով (Ադրբեջանի ԱԳ նախարար) - Երթուղու արգելափակման և Բաքվի կողմից բանակցություններից հրաժարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանը շահարկում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները՝ ճգնաժամի պատրանք ստեղծելու նպատակով: Եռակողմ հայտարարությունները կատարելու՝ Ադրբեջանին ուղղված կոչեր ենք լսում: Ադրբեջանական կողմը, իրոք, այդ հայտարարություններով պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը: Մենք դա անում ենք նույնիսկ ստեղծված իրավիճակում:

Բայրամովը հավելել է՝ Հայաստանն է, որ չի կատարում եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները:

Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանել է նաև լրագրողի հարցին՝ ինչպես է գնահատում Բաքուն խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի՝ օրերս ներկայացրած առաջարկները, նշել՝ դեռ մասամբ է ուսումնասիրել փաթեթը, հետևաբար չի կարող ասել՝ բավարարո՞ւմ են արդյոք դրանք ադրբեջանական կողմին, թե՞ ոչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում