Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն է բառի բուն իմաստով. Պուտին

ՄՄերի Ներսիսյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսում է։ Մինսկի օդանավակայանում նրան դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Սա Ռուսաստանի առաջնորդի առաջին այցն է Բելառուս 2019 թվականից ի վեր։

Մինսկում երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ռուս-բելառուսական բանակցություններ են տեղի ունեցել: Վլադիմիր Պուտինն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Բելառուսը Ռուսաստանի ոչ միայն լավ հարևանն է, այլ նաև դաշնակիցն է բառի բուն իմաստով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համատեղ քայլերի շնորհիվ Մինսկին ու Մոսկվային հաջողվել է կանխել Արևմուտքի պատժամիջոցների հնարավոր բացասական հետևանքները։ Լուկաշենկոն մանրամասնել է, որ Մինսկի և Մոսկվայի ամենաբարձր մակարդակով քննարկումների հիմնական թեմաները վերաբերում են պաշտպանական և անվտանգության ոլորտներին:

ԵՄ 9 ԵՐԿԻՐ ԴԵՄ Է ՌԴ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆԸ

ԵՄ ինը երկիր, այդ թվում՝ Հունգարիան և Գերմանիան, ԵՄ երկրների Էներգետիկայի նախարարների նիստում ռուսական գազի համար առավելագույն գնի սահմանման շուրջ նախանական քվեարկության ժամանակ դեմ են արտահայտվել: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն մանրամասնել է, սակայն, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել գազի գնի վերին շեմի սահմանմանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրի Սենտյուրինը հայտարարել էր, որ գազի գնի վերին շեմի սահմանման շուրջ Եվրամիության նախաձեռնությունը հակասում է շուկաների օրենքներին:

«Այս ամենը հանգեցնում է այնպիսի տհաճ հետևանքի, ինչպիսին շուկաների դեգրադացումն Է»,- ասել է դիվանագետը:

Սենտյուրինի խոսքով՝ նման նախաձեռնությունները ապակայունացնում են շուկաները, բարձրացնում անորոշության մակարդակը։

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՄ Է ՌԴ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՐԱԴԱԴԱՐԻՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարի հաստատմանը: Աննալենա Բերբոկի կարծիքով՝ նման սցենարն ավելի լավ չի դարձնի Ուկրաինայի ժողովրդի կյանքը։ Գերմանիայի գլխավոր դիվանագետը նաև շեշտել է, որ հույս չունի, թե հրադադարը շուտ կհաստատվի։

«Ռուսաստանի նախագահը պետք է իր զորքերին հրամայի հեռանալ: Սակայն, ցավոք, նման նախանշաններ չկան»,- եզրափակել է Բերբոկը։

ՌԴ ՀԵՏ ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԴԵՄ ՉԷ. ՔԱՆԱՆԻ

Արձագանքելով Իրանի ու Ռուսաստանի համագործակցության և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ հակաիրանական հայտարարություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դրանք անհիմն են և քարոզչական պատերազմի մաս են կազմում:

Նասեր Քանանիի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաները շարունակում են հակաիրանական գործողությունները և կասկածի տակ դնում պաշտպանական և ռազմական ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը: Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ:

ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրայի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի գաղտնի հանդիպումը: Կողմերը հանդիպել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականի ներկայությամբ:

Ըստ լրատվամիջոցների՝ բանակցություններն անցկացվել են բաց օրակարգով և առանց որևէ նախապայմանի, որպեսզի կողմերը քննարկեն հարաբերություններում լարվածության թուլացման հնարավորությունները:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսում այսօր տեղի է ունեցել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի իշխող կուսակցությունների ղեկավար անդամների հանդիպումը։

Կուսակցական պատվիրակությունների անդամներին ընդունել է Հյուսիսային Կիպրոսի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչումը կարող է վճռորոշ քայլ հանդիսանալ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ռուսաստանի քաղաքացի Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել։

Դեկտեմբերի 13-ին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը լայն լսարանի համար հանդես է եկել աուդիոուղերձով: Նա ակնարկել է, թե Բաքվին պետք է հասկացնել, որ Ղարաբաղի համար պատասխանը կհասնի Բաքու:

Դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել Միխայիլ Ալեքսանդրովի դեմ՝ ԶԼՄ-ների միջոցով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու բաց կոչերի համար հոդվածով:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Միխայիլ Ալեքսանդրովը հեռացվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում