Իլհամ Ալիևը և Միխայիլ Միշուստինը քննարկել են ենթակառուցվածքային և լոգիստիկ համատեղ նախագծերը

ԴԴիանա Գասպարյան

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Միխայիլ Միշուստինը և Իլհամ Ալիևը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Միշուստինն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ենթակառուցվածքային և լոգիստիկ համատեղ նախագծերը նոր դինամիկա կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Նա նշել է նաև Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան թևի կարևորությունը։

«Ակնկալում ենք մինչև 2030 թվականը Հյուսիս-հարավ միջանցքի արևմտյան թևով բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան 15 միլիոն տոննայի»,- հավելել է Միշուստինը:

Ալիևն իր հերթին նշել է, որ տարանցիկ փոխադրումներն արդեն ռեկորդային արդյունքներ են գրանցում: Նա համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավ միջանցքի ներուժի հզորացումը բխում է նախագծում ներգրավված բոլոր երկրների շահերից:

ՇՎԻԴԿՈՅԸ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել են նաև Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում վստահության ամրապնդման հեռանկարը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։ Շվիդկոյը վերահաստատել է մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ադրբեջանական համատեղ միջոցառումների իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը։

ՓԵԼՈՍԻՆ ԼՔՈՒՄ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՇՏՈՆԸ

Նենսի Փելոսին հայտարարել է, որ լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը, սակայն կշարունակի աշխատանքը ստորին պալատում: 82-ամյա Փելոսին այժմ զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ ԱՄՆ պետական հիերարխիայում երրորդ ամենակարևոր պաշտոնը: Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում: Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը կզբաղեցնի Հանրապետական կուսակցության ղեկավար Քևին Մըքքարթին։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԲԱՑԻ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Ադրբեջանի Խորհրդարանը հաստատել է «Իսրայելում՝ Թել Ավիվում, Ադրբեջանի դեսպանություն ստեղծելու մասին» օրենքի նախագիծը։ Այս որոշումը երկար տարիներ հետաձգվում էր, այդ թվում՝ պայմանավորված իրանական գործոնով: Իսրայելի իշխանությունները ողջունել են Բաքվի որոշումը։ Վարչապետ Յաիր Լապիդը նշել է, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է Իսրայելի համար:

ԻՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

Հայտնաբերվել է նոյեմբերի 16-ին Իրանի Խուզիստան նահանգի Իզե քաղաքում ահաբեկչություն իրականացրած երեք տղամարդ: Նրանք փորձել են փախուստի դիմել, սակայն ձերբակալվել են Իրան-Ադրբեջան սահմանին՝ տեղեկացրել է Իրանի փոխնախագահ Մոհսենա Ռեզաին։ Նրա խոսքով՝ Իրանի թշնամիներին չի հաջողվել արդյունքի հասնել ապօրինի պատժամիջոցներով, ուստի այժմ երկրում անկայուն մթնոլորտ ստեղծելու փորձեր են արվում: Վերջին տվյալով՝ Խուզիստանում ահաբեկիչների կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, կա 10-ից ավելի վիրավոր:

ՍՏԱՄԲՈՒԼԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՑ. ՍՈՅԼՈՒ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ստամբուլում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հրամանը ստացվել է Սիրիայի Մանբիջ քաղաքից: Սուլեյման Սոյլուի խոսքով՝ Մանբիջում տեղակայված են Քրդստանի աշխատավորական կուսակցության և քրդական Ժողովրդավարական Միություն կուսակցության ներկայացուցիչներ: Հենց նրանք էլ մեղավոր են Ստամբուլում ահաբեկչության համար, որի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ: Սոյլուն նաև մեղադրել է ԱՄՆ Սենատին, որը, նախարարի համոզմամբ, վերջին 3 տարում 2 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով Ստամբուլյան ահաբեկչությանը, չէր բացառել Սիրիայում նոր անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում