Ողբերգական հրդեհ Կոստրոմայում. առնվազն 13 զոհ

ԴԴիանա Գասպարյան

ԿՈՍՏՐՈՄԱՅՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՆՎԱԶՆ 13 ԶՈՀ ԿԱ

Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ՝ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Շենքից տարհանվել է 250 մարդ։

Կոստրոմայի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովը հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով ևս հինգ մարդ թեթև վիրավորումներ է ստացել:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Վաշինգտոնն Ուկրաինային է հատկացնում 400 միլիոն դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալով՝ փաթեթը ներառում է չեխական 90 տանկ, դրանց արդիականացմամբ կզբաղվեն Միացյալ Նահանգները և Նիդեռլանդները: Կիևը կստանա նաև 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, զրահափոխադրիչներն արդիականացնելու միջոցներ և հակաօդային պաշտպանության համակարգեր: Մոտ ապագայում Ուկրաինային կտրամադրվի նաև NASAMS ութ զենիթահրթիռային համակարգ:

ՍԱԼԻՎԱՆԸ ԿԻԵՎՈՒՄ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի և այլ պաշտոնատար անձանց հետ՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինային և նրա ժողովրդին:

Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալով՝ Սալիվանը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը գործընկերների հետ շարունակում է աշխատել Ուկրաինային տնտեսական և հումանիտար օգնություն ցուցաբերելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից էլ հայտնում են, որ կողմերը քննարկել են երկրում կենսական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանության համար Կիևին աջակցության տրամադրման հեռանկարները: Զելենսկին Սալիվանին պարգևատրել է «Յարոսլավ Իմաստուն» II աստիճանի շքանշանով՝ «միջպետական գործակցության ամրապնդման և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու համար»։

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, Ուկրաինայում զարգացումները և հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Էրդողանը նշել է, որ Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցությանը, միայն եթե Հելսինկին և Ստոկհոլմը կատարեն ահաբեկչության դեմ պայքարում իրենց պարտավորությունները։ Մասնավորապես՝ Թուրքիային արտահանձնեն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց: Նա նաև նշել է, որ Անկարան մտադիր է էլ ավելի կենտրոնանալ հացահատիկի գործարքի երկարաձգման վրա, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Անկարայի և Աթենքի հարաբերություններին, ընդգծել՝ իր երկիրը պատասխանատու չէ տարածաշրջանում աճող լարվածության համար։ Էրդողանի խոսքով՝ Հունաստանը պետք է ողջախոհություն ցուցաբերի և երկխոսություն սկսի։

Ստոլտենբերգը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ դա ավելի կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքը։

ՊՈՒՏԻՆԸ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։

Նախագահի հրամանագրի համաձայն՝ Վեհափառ հայրապետը պարգևատրվել է «Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային, հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում