ՀՀ սահմանների խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել. Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

ԴԴիանա Գասպարյան

ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ. ՓԱՅԼԱՆ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին, նշել՝ դրանք շատ կարևոր են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման տեսանկյունից։

«Ժամանակն է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել Կովկասում կայուն խաղաղության համար»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Փայլանը:


ԱՄՆ-Ն ԲԱՔՎԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶՈՒ-Ն ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԵԼՄԱՆ ԴԻՐՔԵՐ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարպենտերը մեկնաբանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան և երկրների միջև բանակցային գործընթացները:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում և կոչ անում առկա խնդիրները լուծել բանակցային սեղանի շուրջ:

«Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն: Համացանցում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս՝ ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում անզեն հայ գերիներին, պետք է հետաքննվի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի սկսած հետաքննությունը և հորդորում կողմերին՝ կատարել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին, նրանց հետ վարվել միջազգային պարտավորություններին համապատասխան, պարզել անհայտ կորածների ճակատագրերը»։

Նա հավելել է, որ սեպտեմբերի 13-ին և 14-ին, այնուհետև սեպտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի խախտումները լրջորեն մտահոգել են Վաշինգտոնին։ «Կրկնում ենք Ադրբեջանին մեր կոչը՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր»,- շեշտել է Քարպենտերը:

Նա նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման հարցում ԵԱՀԿ ակտիվացմանը, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով փաստահավաք առաքելության ստեղծմանը: Քարպենտերի խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել երկկողմ ձևաչափով, ինչպես նաև Եվրամիության և ԵԱՀԿ-ի հետ գործակցությամբ:

ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ
Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակման վերաբերյալ:

«Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մեծ անհանգստությամբ է հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրմանը, հայկական տարածքներում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին: Հայաստանի սահմանների խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել։ Զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ և դաժան վերաբերմունք. այս ամենն անընդունելի է։ Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը պետք է ամբողջությամբ պարզաբանվեն»։

Պատգամավորները ողջունել են հրադարի շուրջ համաձայնության ձեռքբերումը և բանակցությունների շարունակումը։

«Բռնությունը դադարեցնելը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունությանն ուղղված բանակցությունները և, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող են նպաստել ապագայում երկու ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանը»,- նշվում է փաստաթղթում:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նաև հորդորում է միջազգային հանրությանը շարունակել միջնորդական ջանքերը և դատապարտել միջազգային իրավունքի խախտումները։


ԼԻԲԱՆԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լիբանանը դատապարտում է հայ զինվորականների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները. դրանք խախտում են Ժնևի 1949 թվականի բանաձևը՝ ասված է Լիբանանի ԱԳ հայտարարության մեջ:

«Ողջունում ենք տեսանյութի առթիվ հետաքննություն անցկացնելու՝ Ադրբեջանի դատախազության որոշումը։ Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, հատկապես` լիբանանահայ Վիգեն Էօչեկեանին»,- ասված է դիվանագիտական գերատեսչության Թվիթերի միկրոբլոգում։

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, մասնավորապես, անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներին:

Թուրքիայի ղեկավարի աշխատակազմի տվյալով՝ անդրադարձ է եղել նաև Անկարայի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում