Միջազգային արձագանքը Ադրբեջանի ԶՈւ վայրագություններին

ՄՄերի Ներսիսյան

ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ. ՓՐԱՅՍ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հաղորդագրություններով, ըստ որոնց` ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ ռազմագերիներին՝ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել:

«Այդպիսի վայրագությունների պատասխանատուները պետք է պատժվեն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼ ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով՝ «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

«Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է դեսպանատան պատասխանում:

«Ադրբեջանը մինչ օրս չի կատարում տասնյակ հայ ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունները, ի՞նչ դիրքորոշում ունեք տվյալ հարցի վերաբերյալ» հարցին ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Վերջին ամսվա հարձակման ընթացքում գերեվարվածների, ինչպես նաև մյուս բոլոր պահվող անձանց անհապաղ և անվերապահ վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու համար»:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել էր Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր: Դիվանագետն անընդունելի է համարել ուժի կիրառումը, նաև ընդգծել ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման գործում։

ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԱՉԱՌ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը նույնպես կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին: Բաքվում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրված է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով:

ՍԵՆԱՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԲԱՔՎԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը նույնպես դատապարտել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները: Հանձնաժողովի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում գրված է.

«Դատապարտում ենք ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայերի նկատմամբ իրականացված մահապատժի և հավանական պատերազմական հանցագործությունների դեպքերը: Պետք է արդարության հասնենք Ադրբեջանի կողմից վերջերս Հայաստանի վրա հարձակման ժամանակ կատարված յուրաքանչյուր ոճրագործության համար»:

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է մեր երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Վարդապետյանն ընդգծել է մեր ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի զինված ուժերի պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց, խոշտանգման դեպքերի մասին, ու շեշտել այս և նախորդող հանցագործությունների հեղինակներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Դեսպան Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ այդ հարցերը լուծելու համար, և հավելել, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է:

ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են՝ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին։

Ադրբեջանի գործողությունները դատապարտելուց բացի, Ֆրանսիան կոչ է արել ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին:

ԺՈԼԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մելանի Ժոլին:

«Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության վիճակի»,- գրել է դիվանագետը:

ԼՈՆԴՈՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ԿՀԵՏԱՔՆՆՎԵՆ

Բրիտանական դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից, նշված է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրության մեջ:

«Լոնդոնը ողջունում է տեսանյութը համապարփակ քննության ենթարկելու Ադրբեջանի գլխավոր դատախազության հանձնառության մասին հայտարարությունը. ակնկալում, որ քննության արդյունքները կհրապարակվեն, իսկ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

Հունաստանը խստորեն դատապարտել է հայ անզեն ռազմագերիների դաժան մահապատիժը Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թվիթերում գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ծայրաստիճան ցնցված ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին սարսափազդու հաղորդումներից: Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ը:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ. ԿԻՊՐՈՍԻ ԱԳՆ ԿՈՉԸ

Կիպրոսի արտգործնախարարությունը սարսափած է Ադրբեջանի զինված ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների գնդակահարության կապակցությամբ՝ նշված է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննել մահապատիժների դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասված է փաստաթղթում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում