ՌԴ քաղաքացիների հոսքը դեպի Ղազախստան սկսել է նվազել

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԴԵՊԻ ՂԱԶԱԽՍՏԱՆ ՍԿՍԵԼ Է ՆՎԱԶԵԼ

Ղազախստան-Ռուսաստան սահմանին կուտակումների պատճառով հանրապետության քաղաքացիների համար այլընտրանքային ճանապարհներ են առանձնացվել՝ հայտնել են Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Ղազախստանի ներքին գործերի նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-28-ը Ռուսաստանից միգրանտների մեծ հոսք է գրանցվել, որը վերջին երկու օրվա ընթացքում աստիճանաբար պակասում է: Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանից Ղազախստան է անցել 22 500, իսկ սեպտեմբերի 30-ին՝ մոտ 15 000 ռուսաստանցի: Մշտական բնակության համար դիմել է Ռուսաստանի 382 քաղաքացի, Ղազախստանի քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել 64-ը:

Ավելի վաղ Աստրախանի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ որոշում է կայացվել ռուս-ղազախական սահմանի Կարաուզեկ անցակետում մոբիլիզացիայի ժամանակավոր կետ տեղադրել, քանի որ մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ զորակոչի ենթակա տղամարդիկ կան։

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՑԱՆԿԱՊԱՏ ԿԱՌՈՒՑԵԼ ՌԴ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ

Ֆինլանդիան դիտարկում է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցման հնարավորությունը՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։

«Այժմ սահմանին շատ հանգիստ է, ռազմական սպառնալիքներ չկան, քանի որ Ռուսաստանը զորքերի մեծ մասը կենտրոնացնում է Ուկրաինայում: Բայց կան նաև այլ սպառնալիքներ, օրինակ՝ այն, ինչ արեց Բելառուսը Լեհաստանի հետ։ Այս պարագայում, կարծես թե, սահմանային ցանկապատի կառուցումն օգնել է պաշտպանել տարածքը»,- նշել է ԱԳ նախարարը:


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԴԵՊԻ ԵՄ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Ադրբեջանի իշխանությունները գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում Հարավային գազային միջանցքի ընդլայնման վերաբերյալ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա գազատարի գործարկմանը նվիրված արարողության ժամանակ։

«Քննարկումներ ենք սկսել գործընկերների հետ Անդրանատոլիական գազատարի թողունակությունը տարեկան 16-ից 32 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու հարցով, Անդրադրիատիկ գազամուղի թողունակությունն էլ պետք է 10-ից հասցվի 20 միլիարդ խորանարդ մետրի: Առանց այս գործընթացների դժվար կլինի լրացուցիչ գազ մատակարարել Եվրոպա»,- ընդգծել է Ալիևը։

Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարն այսօր պաշտոնապես շահագործման է հանձնվել։ Նախատեսվում է, որ նոր գազատարի միջոցով Բուլղարիան Ադրբեջանից տարեկան 1 մլրդ խորանարդ մետր գազ կստանա, ինչպես նաև հեղուկ գազ՝ Հունաստանից։

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔԻ» ԱՐՏԱՀՈՍՔԸ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է. ԲԱՅԴԵՆ

«Հյուսիսային հոսք» գազատարներում վերջերս տեղի ունեցած արտահոսքը և պայթյունները դիվերսիայի արդյունք են, Վաշինգտոնն աջակցում է դաշնակիցներին՝ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ուժեղացնելու և համապատասխան հետաքննության անցկացման հարցում՝ հայտարարել է Ջո Բայդենը։ Նա տեղեկացրել է, որ իրավիճակը կայունանալուց հետո ամերիկյան կողմը ջրասուզակներ կուղարկի՝ տեղում պարզելու արտակարգ իրավիճակի պատճառները: Բայդենը հորդորել է չհավատալ ռուսական կողմի պնդումներին՝ իբր գազատարների վրա պատահարի պատասխանատվությունը կրում է Արևմուտքը։

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է ամերիկյան կողմի հայտարարություններին: Դիվանագիտական առաքելությունը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը խուսափում է պատասխանել հարցին՝ ու՞մ է ձեռնտու էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապերի խզումը:
«Կոչ ենք անում օբյեկտիվ ուսումնասիրություն անցկացնել՝ պարզելու պատահարի բոլոր հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՌՔՆ Է ՎԵՐՑՐԵԼ

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և շոշափելի արդյունքների է հասնում: Նրա խոսքով՝ Դոնեցկի Յամպոլ բնակավայրն անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ:

«Նշանակալի առաջընթաց կա երկրի արևելքում: Դոնեցկի Լիման քաղաքում էլ հաջողություններ ունենք», - մանրամասնել է նախագահը:

Ուկրաինական կողմի տվյալով՝ Լիմանի հարակից հինգ բնակավայր այժմ նույնպես գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։

Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Կրասնի Լիմանի շուրջ իրավիճակը ծանր է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում