Վաշինգտոնը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի բռնակցումը. Բլինքեն

ԴԴիանա Գասպարյան

ԿԱՅԱՑԵԼ Է ՌԴ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանում իրավիճակը: Նախարարները, մասնավորապես, անդրադարձել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված մի շարք հարցերի:

Տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մտքեր են փոխանակել նաև Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա վերաբերյալ Թեհրանի սկզբունքային դիրքորոշման վերաբերյալ:

Իրանցի դիվանագետը հայտարարել է՝ իր երկիրը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում Իրանի կենսական շահերին հակասող աշխարհաքաղաքական զարգացումներին:

«Վերահաստատում եմ Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու մեր հարևաններին կայուն խաղաղության հաստատման ճանապարհին։ Պատրաստ ենք նաև հարթակ տրամադրել երկկողմ, եռակողմ և «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպումներ անցկացնելու համար»,- ընդգծել է Մուսավին։

ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՉԱՅՑԵԼԵԼ ՌԴ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում մասնակի զորահավաքի ֆոնին հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել երկրի տարածքը:

«ԱՄՆ քաղաքացիներին հորդորում ենք չայցելել Ռուսաստան: Այնտեղ բնակություն հաստատած անձինք և ճանապարհորդները պետք է անհապաղ լքեն երկիրը, քանի դեռ նման հնարավորություն կա»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը կոչ է անում նաև չմասնակցել քաղաքական կամ սոցիալական ակցիաների:

«Ռուսաստանի իշխանություններն արդեն ձերբակալել են բողոքի ակցիաներին մասնակցած ԱՄՆ քաղաքացիների»,- նշվում է հայտարարությունում։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՄՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԶԵՆՔԸ. ԲԼԻՆՔԵՆ

Ուկրաինան կարող է օգտագործել Կիևին Միացյալ Նահանգների տրամադրած զենքը՝ պաշտպանելու իր տարածքները, այդ թվում՝ վերադարձնելու այն շրջանները, որոնք հանրաքվեների արդյունքներով կարող են դառնալ Ռուսաստանի մաս՝ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի բռնակցումը: Բլինքենը հավելել է՝ ԱՄՆ-ն արևմտյան դաշնակիցների հետ մտադիր է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Պետքարտուղարի խոսքին արձագանքել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, զգուշացրել՝ Վաշինգտոնը մոտենում է Ուկրաինայում հակամարտության կողմ դառնալու վտանգավոր գծին:

«Միացյալ Նահանգներն անտեսում է այն փաստը, որ Կիևին զենքի մատակարարումը հանգեցնում է էսկալացիայի: Վճռական միջոցներ կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր հայրենիքը»,- ընդգծել է դիվանագետը։

ԿՈԼՈՆԱՆ ՀՈՐԴՈՐԵԼ Է ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հորդորել է վիզաներ տրամադրել այն ռուսաստանցիներին, որոնք «արժանի են դրան»։ Խոսքը ռեժիմի կողմնակիցների և ուկրաինական հակամարտությանը ներգրավվածների մասին չէ՝ հավելել է նախարարը։

Կոլոննան նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիան մանրակրկիտ կուսումնասիրի ապաստան հայցող ռուսաստանցիների հայտերը՝ հասկանալու դրանց համապատասխանությունը երկրի սահմանադրությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում