ԱՄՆ-ը մտահոգված է, որ տուժում են Հայաստանի խաղաղ բնակիչները. Նեդ Փրայսը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

ԴԴիանա Գասպարյան

ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՐ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՀՀ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. ՓՐԱՅՍ

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությամբ, մասնավորապես մտահոգիչ է, որ տուժում են Հայաստանի տարածքում գտնվող խաղաղ բնակիչները՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով «Լուրերի» թղթակցի հարցին:

Նեդ Փրայս, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ - Պետքարտուղար Բլինքենն ավելի վաղ կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել բռնությունները, հետ քաշել զինված ուժերը և լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով: Վաշինգտոնը կողմերի հետ բոլոր մակարդակներով շփումների ժամանակ հայտարարել է՝ այս հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից

Նա հավատացրել է՝ ԱՄՆ-ը շարունակելու է անել հնարավորը՝ հանուն Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագայի:

ԿԱՅԱՑԵԼ Է ԴՈՆՖՐԻԴ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների քաղաքական ու դիվանագիտական կարգավորմամբ. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Դոնֆրիդը, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնը մտահոգված է տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ակնկալում է ռազմական գործողությունների դադարեցում և հրադադար: Պաշտոնյան ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը։


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շրջանառության մեջ են դրել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները դատապարտող օրինագիծ:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի անմեղ հայ խաղաղ բնակիչների ահաբեկումը և նրանց վրա հարձակումները: Իսկ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է դատապարտեն ադրբեջանական գործողությունները: Բանաձև ենք ներկայացրել հետևյալ ուղերձով. «Այլևս ոչ մի աջակցություն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Ադրբեջանը պետք է վճարի իր ռազմատենչ հռետորաբանության համար»,- գրել է Շիֆը։


ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՄԱՀԱԲԵՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի թիրախավորումը դատապարտել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիչը, կոչ արել անհապաղ դադարեցնել մահաբեր հարձակումները Հայաստանի վրա և հավատարիմ մնալ խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին։

«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է կարգավորվեն դիվանագիտության և բանակցությունների, այլ ոչ հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։

Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն միջազգային կարգում, ուստի հորդորում ենք ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հանդես գալ հրադադարի կոչերով:

Ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կոչ ենք անում ժողովրդավար կառավարություններին դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում