Իգոր Խովաևը նորից կայցելի Երևան և Բաքու՝ շարունակելու խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքը

ԴԴավիթ Մուրադյան

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԵՏԱԿՈԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ. ՓՐԱՅՍ
Միացյալ Նահանգները բավական ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Ավելի վաղ նշել էինք, որ Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորմանը: Լուրջ ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորն այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ընդհանուր առմամբ լարվածության թուլացմանը։

Նեդ Փրայսը հիշեցրել է՝ ԱՄՆ պետքարտուղարը անձամբ ներգրավված է դեէսկալացիայի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: Նրա պնդմամաբ՝ Վաշինգտոնը նաև կոչ է անում դաշնակիցներին նպաստել առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը, հավելել՝ Ռուսաստանը կարող է օգտագործել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ վերջ տալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին։


ԻԳՈՐ ԽՈՎԱԵՎԸ ՆՈՐԻՑ ԿԱՅՑԵԼԻ ԲԱՔՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ
ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին ևս մեկ անգամ կայցելի Բաքու և Երևան՝ շարունակելու խաղաղության պայմանագրի տեքստի մշակման աշխատանքը, «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելու մեր ջանքերում։ Ռուսական համապատասխան օգնության անհրաժեշտությունը հաստատել են թե՛ Բաքուն, թե՛ Երևանը։ Մեզ համար դա ինքնագովազդի հարց չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Գոնչարը։

Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հատուկ հանձնարարությունների դեսպան Խովաևին շնորհել է նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերի հատուկ ներկայացուցչի գործառույթ։

«Խովաևը մշտապես այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում շփման կետերի որոնման համար, որպեսզի համաձայնեցնի համաձայնագրի նախագիծը»,- նշել է Գոնչարը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ «Երևանի և Բաքվի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության շուտափույթ կարգավորմանը»,- ընդգծել է պաշտոնյան։ Գոնչարը մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի համար: Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ցավում է, որ այդ գործընթացի ճանապարհին նման զարգացումներ են տեղի ունենում:


ՄԱԿՐՈՆՆ ԱԼԻԵՎԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։

Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի վատթարացման և ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով ռմբակոծվել են հայկական բնակավայրեր: Նա նշել է բանակցությունների ուղղությամբ ակտիվ քայլերի կարևորությունը։ Մակրոնը կոչ է արել Ալիևին անհապաղ վերջ տալ բռնություններին, ընդգծել՝ դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության ներգրավմամբ պատրաստ է իր ներդրումն ունենալ բանակցային գործընթացում։


ԿԱՅԱՑԵԼ Է ԲՈՐԵԼ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին զարգացումներին:

Բորելը կոչ է արել Բայրամովին թուլացնել լարվածությունը: Նա ընդգծել է խաղաղության շուրջ երկխոսության անհրաժեշտությունը։

«Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Երևան և Բաքու՝ աջակցելու խաղաղության հաստատման ջանքերին»,- հավելել է Բորելը։


ԼՂ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ. ՇԵՐՄԱՆ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը վրդովեցնող է որակել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, ներառյալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանում 3 քաղաքի գնդակոծումը:

«ԱՄՆ-ը պետք է կիրառի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը և անհապաղ դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին: ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն պետք է նախաձեռնեն Հայաստանի սահմանի երկայնքով կրակոցների արձանագրման համակարգերի տեղադրում, որպեսզի արձանագրվեն և տեղայնացվեն մանր տրամաչափի զինատեսակների, ինչպես նաև հրետանու կրակոցները, և հրադադարը խախտողները պատասխանատվության ենթարկվեն: Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է ունենա խաղաղ լուծում»,- իր թվիթերյան էջում գրել Շերմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում