Հայաստանը՝ որպես գործընկեր երկիր, հրավիրված է ՇՀԿ անդամ պետությունների գագաթնաժողովին

ԴԴիանա Գասպարյան

ՀՀ-Ն ՀՐԱՎԻՐՎԱԾ Է ՇՀԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հանդիպումը։
ՇՀԿ-ի կարևոր միջոցառումներին, որպես գործընկեր երկրներ, հրավիրված են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Կամբոջան, Նեպալը և Շրի Լանկան։


ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ համաձայն է Վլադիմիր Պուտինի խոսքերին, որ Ուկրաինայից Եվրոպա հացահատիկի արտահանումը հարկավոր է սահմանափակել, քանի որ այնտեղից արտահանվող գրեթե ողջ հացահատիկը ուղարկվում է ոչ թե աղքատ երկրներ, այլ ԵՄ տարածք։ ՌԴ նախագահը հավելել էր նաև, որ հացահատիկային գործարքի շրջանակում չեն իրականացվում Ռուսաստանից պարենամթերքի արտահանման մասին դրույթները:
«Պարոն Պուտինը ճիշտ է՝ սննդամթերքը հիմնականում ուղարկվում է զարգացած երկրներ: Անկարան նաև կողմ է Ռուսաստանից պարենամթերքի արտահանմանը: Սամարղանդում կքննարկենք այդ հարցը Ռուսաստանի նախագահի հետ»,- ընդգծել է Էրդողանը։


ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ՝ ԷՍՏՈՆԻԱ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԸ ՇՈՒՏՈՎ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ

Ռուսաստանի քաղաքացիների Էստոնիա մուտքի արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ին, նման որոշում են կայացրել նաև Լիտվան, Լատվիան և Լեհաստանը:
Սեպտեմբերի 1-ին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հայտարարել են ԵՄ-Ռուսաստանի միջև վիզաների դյուրացման համաձայնագիրը կասեցնելու մասին, ինչի արդյունքում ռուսաստանցիների համար վիզա ստանալը շատ ավելի դժվար կլինի։
Վլադիմիր Պուտինն, իր հերթին, տեղեկացրել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է մշակել օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի արտոնագրերի վերացման հարցը և հայելային սահմանափակումներ չմտցնել այն երկրների դեմ, որոնք չեն ցանկանում վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին:
 

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որն այսօր չհայտարարված այցով ուղևորվել է Կիև՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկոֆորովը։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բլինկենը մտադիր է Կիևում քննարկել Ուկրաինային և հարևան պետություններին մոտ 2,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու հարցը։


ԱՄՆ-Ը ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 675 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ

Ուկրաինային Վաշինգտոնի ռազմական օգնության նոր փաթեթը, որին հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենը, կազմում է 675 միլիոն դոլար՝ հայտարարել է պաշտպանության նախարարը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստի բացմանը, որին ներկա է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շուրջ 50 պաշտպանության նախարար:
«Մենք ցանկանում ենք վերահաստատել Կիևին մեր երկարաժամկետ աջակցությունը»,- նշել է Լլոյդ Օսթինը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի, ուղղաթիռներ, միլիոնավոր զենք-զինամթերք և 127 հաուբից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում