Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում են սկսել ևս մի քանի ուղղությամբ. Զելենսկի

ԴԴիանա Գասպարյան

ՊՈՒՏԻՆԸ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՇՈՅԳՈՒԻ ՀԵՏ

ՌԴ նախագահը մեկնել է Պրիմորիեի Սերգեևսկի պոլիգոն, որտեղ ընթանում են «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ հայտնել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է անցկացրել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։

ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ «Վոստոկ-2022» զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2000 օտարերկրյա զինծառայող, այդ թվում՝ Հայաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ալժիրից, Բելառուսից, Տաջիկստանից և այլ երկրներից։ Վարժանքներին, որոնք կավարտվեն սեպտեմբերի 7-ին ընդհանուր առմամբ մասնակցում է 50 000 զինծառայող:


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ. ՍՏԱՆՈ

Հունաստանի և հույն ժողովրդի նկատմամբ Թուրքիայի քաղաքական ղեկավարության թշնամական հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում և հակասում են Միջերկրական ծովի արևելյան հատվածում ապաէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Եվրամիությունը բազմիցս ընդգծել է, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը պետք է դադարեցվեն»,- նշել է Ստանոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիան կհարգի ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կաշխատի լարվածության թուլացման ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանային կայունության։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հունաստանը լուրջ խնդիրներ կունենա, եթե շարունակի սադրել թուրքական զինված ուժերին։ Ռեջեփ Էրդողանը քննադատել է Հունաստանի ռազմաօդային ուժերին թուրքական ռազմական ինքնաթիռներին հետապնդելու համար, ինչը հունական կողմը հերքում է։


ՍԵՐԲԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ

Սերբիան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրի վաղաժամկետ կնքման շուրջ՝ հայտնել է Սերբիայի փոխվարչապետ Զորանա Միխայլովիչը։ Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Հարավային գազային միջանցքի նշանակությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար ավելի է մեծացել։

Միխայլովիչը նշել է, որ Սերբիան կարող է դառնալ ոչ միայն կասպիական տարածաշրջանից գազի սպառող, այլև տարանցիկ երկիր, որը հետագայում այդ գազը կփոխադրի տարածաշրջանի այլ երկրներ։
Հարավային գազային միջանցքով Ադրբեջանը գազ է մատակարարում Եվրոպա 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։

Նախատեսվում է, որ Անդրանատոլիական և Անդրադրիատիկ գազատարով տարեկան ութ միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու Իտալիա, մեկական միլիարդ խորանարդ մետր գազ էլ՝ Հունաստան և Բուլղարիա։
 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ-Ն ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՍԿՍԵԼ ՄԻ ՔԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաիայի զինված ուժերը բացի Խերսոնից հակահարձակում են սկսել ևս մի քանի ուղղությամբ, նա առայժմ մանրամասներ չի ներկայացրել։ Ուկրաինայի նախագահը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական կողմը պետք է առաջ շարժվի:

Օգոստոսի 29-ին Ուկրաինայի զինված ուժերը հաստատել են երկրի հարավում հակահարձակման մասին։ Ուկրաինական կողմի տվյալով՝ զինված ուժերին հաջողվել է առաջընթաց գրանցել: Ռուսական կողմը նույնպես հաստատել է ուկրաինական կողմի հարձակումները՝ շեշտելով որ ռուսական ուժերը հաջողությամբ հետ են մղում դրանք:


ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ԵՄ-Ն ՀԻՆԳ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Ուկրաինան և Եվրամիությունը հինգ համաձայնագիր են ստորագրել, դրանք կնպաստեն Միությանը Կիևի ինտեգրմանը՝ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նա մանրամասնել է, որ խոսքը ԵՄ-ի «Թվային Եվրոպա», ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներում գործակցության ծրագրերին Ուկրաինայի մասնակցության, ինչպես նաև Կիևին 500 միլիոն եվրոյի չափով աջակցության և Ուկրաինայի համար դրամաշնորհների բյուջետային միջոցները 122 միլիոն եվրոյով ավելացնելու մասին է:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտնել է, որ կառույցն այս շաբաթ Ուկրաինային ևս 5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն կառաջարկի։
 

ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻՆ

Աֆղանստանի ժամանակավոր կառավարության արտգործնախարար Ամիր Խան Մոթաքին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և վստահեցրել, որ կգործադրվեն հնարավոր բոլոր ջանքերը՝ պարզելու Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության մանրամասները։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ Քաբուլում ռուսական դեսպանատան մուտքի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է դիվանագիտական ծառայության երկու աշխատակից։ Զոհեր կան նաև Աֆղանստանի քաղաքացիների շրջանում։

Reuters գործակալության տվյալով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում