Պուտինը հանձնարարել է ՌԴ ԶՈՒ զինծառայողների թվաքանակն ավելացնել 137 հազարով

ԴԴիանա Գասպարյան

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԲԼԻՆՔԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը: Մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան այդ քայլը որակել է «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:

«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ շարադրվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել է Աբդուլլաևան:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է՝ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղյան հարցի հետ կապելը որևէ կերպ չի նպաստում այդ գործընթացին:

ՀՀ-Ն ԱՆՎՏԱՆԳ, ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՄՈՒՐ ԿԱՄՈՒՐՋ Է. ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ

Հայաստանում Իրանի դեսպանն ընդունել է Զանջան նահանգի Առևտրի պալատի պատվիրակությանը՝ հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը: Աբբաս Զոհուրին հայտարարել է, որ Իրանի կառավարության քաղաքականությունն է՝ ընդլայնել գործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, և Հայաստանում Իրանի դեսպանությունը պատրաստ է այս ուղղությամբ համակողմանի գործակցել տնտեսական ակտիվ դերակատարների հետ։

Զոհուրին հայկական շուկան մրցունակ է որակել, հայտնել, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է՝ հասնելով 560 միլիոն դոլարի: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի իշխանությունները մտադիր են այն հասցնել 1 միլիարդ դոլարի։

«Հայաստանը անվտանգ, հուսալի և ամուր կամուրջ է այլ երկրների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության և մնացած երկրների հետ առևտրային գործարքների համար»,- նշել է դեսպանը:

ՌԴ ԶՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ հանձնարարելով ՌԴ Զինված ուժերի զինծառայողների հաստիքային թվաքանակը ավելացնել 137 հազարով՝ հասցնելով այն 1,15 մլնի:

«Զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել 2 039 758, որից 1 150 628-ը՝ զինծառայող»,- ասված է փաստաթղթում:

Ռուսաստանի նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից:

ԻՐԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՄՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Իրանական կողմը ստացել է ԱՄՆ կառավարության պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: Ամերիկյան կողմի առաջարկները դիտարկվում են։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր՝ եթե Թեհրանը ամբողջությամբ կատարի 2015 թ. համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա Վաշինգտոնն էլ կանի նույնը:

ԱՄՆ-Ը ԱՎԵԼԻ ՔԱՆ 13.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Անցյալ տարվա հունվարից ԱՄՆ-ը ավելի քան 13,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, իսկ 2014 թվականից ի վեր այդ թիվը կազմել է ավելի քան 15,5 միլիարդ դոլար՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը։ Նա հիշեցրել է, որ նախօրեին Վաշինգտոնը հայտարարել է Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին:

Պենտագոնից տեղեկացրել են նաև, որ դիտարկվում է Կիևին կործանիչներ մատակարարելու հնարավորությունը։ Նշվում է, որ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի որոշ զինատեսակներ Ուկրաինա կհասնեն միայն 1-3 տարի հետո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում