Վրաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հրդեհների մարման հարցում օգնություն առաջարկելու համար

ԴԴիանա Գասպարյան

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՀ-ԻՆ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհների մարման գործում օգնություն առաջարկելու համար:

«Հայաստանը մեզ առաջարկել է օգնել տեխնիկայով՝ չնայած մենք նույնպես մոբիլիզացրել ենք մեր տեխնիկան: Դուք տեսնում եք, որ մենք ֆիզիկապես չենք կարող մեծ քանակությամբ տեխնիկա օգտագործել. տեղանքը թույլ չի տալիս»,- ասել է Գոմելաուրին:

Նրա խոսքով՝ ավելի արդյունավետ է ինքնաթիռների օգտագործումը, սակայն հաշվի առնելով Եվրոպայում տարածված հրդեհները՝ պետք չէ ակնկալել, որ այլ երկրներ կտրամադրեն դրանք:


ԻՐԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՄՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Իրանական կողմը Վիեննայում բանակցությունների եվրոպացի համակարգողի միջոցով ստացել է ԱՄՆ կառավարության պատասխանը միջուկայն գործարքի վերաբերյալ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Ամերիկյան կողմի առաջարկները դիտարկվում են։ Իրանն իր պատասխանը կհայտնի համակարգողին»,-հայտարարել է Նասեր Քանանին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Վաշինգտոնի պատասխանը Թեհրանին պատրաստ է: Նա շեշտել էր՝ եթե Թեհրանը պատրաստ է ամբողջությամբ կատարել 2015 թ. համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա Վաշինգտոնն էլ կանի նույնը: Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ը ողջունում է Իրանի որոշումը՝ «հրաժարվելու միջուկային ծրագրի շուրջ բանակցութունների հետ կապ չունեցող մի շարք պահանջներից»:

Միևնույն ժամանակ ամերիկյան կողմը հայտնել է, որ դեռևս կան մի շարք տարաձայանություններ: Խոսքը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանելու իրանական կողմի պահանջի մասին է:


ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԱՄՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ

Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազայի հրթիռակոծության հետևանքով ԱՄՆ զինված ուժերի երեք զինծառայող թեթև վնասվածքներ են ստացել՝ ասված է երկրի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։ Պենտագոնի տվյալով՝ հարձակման են ենթարկվել Գրին Վիլիջ և Կոնոկո ռազմաբազաները։

«ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն կշարունակենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ընդգծել են Պենտագոնում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում՝ թիրախավորելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող խմբավորումների վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Դեյր էլ Զոր վրա օդային հարվածներին: Նշվում է, որ այդ գործողությունների նպատակն է պաշտպանել ամերիկյան անձնակազմին Իրանի աջակցությունը ստացող խմբավորումների հարձակումներից:

ԱՄՆ-Ը ԱՎԵԼԻ ՔԱՆ 13.5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Անցյալ տարվա հունվարից ԱՄՆ-ն ավելի քան 13,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, իսկ 2014 թվականից ի վեր այդ թիվը կազմել է ավելի քան 15,5 միլիարդ դոլար՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը։

Նա հիշեցրել է, որ նախօրեին Վաշինգտոնը հայտարարել է Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է, այդ թվում, հակաօդային պաշտպանության համակարգեր:

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլն էլ տեղեկացրել է, որ դիտարկվում է Կիևին կործանիչներ մատակարարելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի որոշ զինատեսակներ Ուկրաինա կհասնեն միայն 1-3 տարի հետո։ Քոուլի խոսքով՝ այդ ընթացքում ամերիկացի մասնագետները կսովորեցնեն ուկրաինացի զինվորականներին օգտվել նշված զինատեսակներից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում