Նենսի Փելոսին ժամանել է Թայվան

ԴԴիանա Գասպարյան

ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԱՅՎԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թայվանի մայրաքաղաք Թայբեյում՝ հայտնում են լրատվամիջոցները:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալով՝ տարածաշրջանում լարված իրավիճակ է: Չինաստանի Սու-35 ինքնաթիռները հատել են Թայվանի նեղուցը և շարժվել Թայբեյի ուղղությամբ։ Թայվանի և Չինաստանի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստականության:

Չինաստանի արտգործնախարար Վան Յին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարտահրավեր է նետում Չինաստանի ինքնիշխանությանը և լրջորեն խախտում «Մեկ Չինաստանի» սկզբունքը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը զգուշացնում է՝ Չինաստանի բանակը կդիմի համապատասխան գործողությունների՝ թույլ չտալու Թայվանին անկախանալ:

«Պեկինը կպաշտպանի երկրի տարածքային ամբողջականությունը. հետագա զարգացումների համար պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները և Թայբեյը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նենսի Փելոսին հայտարարել է, որ իր այցը Թայվան չի հակասում Վաշինգտոնի վարած «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը և չի խախտում Չինաստանի ինքնիշխանությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է թայվանական ժողովրդավարությանը և դեմ է «ստատուս քվոն փոխելու» միակողմանի փորձերին։

Ամերիկյան կողմը պնդում է՝ պատճառներ չկան, որ Պեկինն այս այցը հակամարտության վերածի:

Լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ Չինաստանի բանակի արևելյան հրամանատարությունը տեղեկացրել է` Թայվանից արևելք կիրականացնի ոչ միջուկային հրթիռների արձակում:

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

Ուզբեկստանում օգոստոսի 2-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան բանակցություններին:

«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման հարցով բանակցություններին»,- նշել է Չավուշօղլուն:

Նա նաև հավելել է՝ Անկարան ևս քայլեր է ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Առաջ ենք շարժվում հատուկ ներկայացուցիչների հանդիպումների և Ադրբեջանի հետ խորհրդակցությունների միջոցով: Նոր կապուղիները, որոնց գործարկումն օրակարգում է, Միջին Ասիան, Հարավային Կովկասը, Անատոլիան և եվրոպական տարածաշրջանը կապելու են իրար և նպաստելու են ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանը»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎՆ ԱՆՑԵԼ Է «ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ»

26 հազար տոննա ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը նախօրեին դուրս էր եկել Օդեսայի նավահանգստից, հաջողությամբ անցել է «հացահատիկային միջանցքը» և ուղևորվում է դեպի սևծովյան նեղուցներ՝ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Համատեղ համակարգման կենտրոնից էլ տեղեկացնում են, որ բեռնանավը Ստամբուլում կլինի կեսգիշերին: Համապատասխան ստուգում անցնելուց հետո նավը կշարունակի ճանապարհը դեպի Լիբանան:

Ստամբուլում ձեռք բերված պարենային համաձայնագրերին է անդրադարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, բացի ուկրաինական հացահատիկի արտահանումից, պետք է ապահովվի նաև ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի հասանելիությունը համաշխարհային շուկաներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում