Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է հրաժարականի մասին

ԴԴիանա Գասպարյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները: Դրանք ներառում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ, հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու, Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն ընդգծել է, որ այս փոփոխությունները ևս մեկ անգամ լույս կսփռեն Իլհամ Ալիևի կողմից մարդու իրավունքների կոպիտ և բացահայտ խախտումների վրա:

«Ուրախ եմ, որ փոփոխությունները կներառվեն Ազգային պաշտպանության ակտում: Կշարունակեմ ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի»,- վստահեցրել է Փալոնը:

Նախաձեռնության շրջանակում նաև խստացվում են Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի պահանջները: Նախատեսվում է ԱՄՆ վարչակազմին արգելել Անկարային F-16 ինքնաթիռներ կամ դրանց մասեր վաճառել կամ արտահանման թույլտվություն տրամադրել, մինչև նախագահը ապացույցներ չներկայացնի, որ նման գործարքը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին: ԱՄՆ վարչակազմը նաև պետք է ապացուցի, որ Թուրքիան F-16-ները չի կիրառելու Հունաստանի տարածքով չթույլատրված թռիչքների համար:

ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է հրաժարականի մասին։ «Այլևս չկա ազգային այն միասնությունը, որն աջակցում էր այս կառավարությանը: Իմ կաբինետի աշխատանքի համար պայմաններ չեմ տեսնում»,- նշել է վարչապետը։ Լրատվամիջոցների տվյալով՝ Դրագիի հրաժարականի պատճառն այն է, որ իշխող կոալիցիայի «5 աստղերի շարժում» կուսակցությունը հրաժարվել է մասնակցել կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությանը: Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատկերացնում իր կառավարությունն առանց «5 աստղերի շարժման»։

Նախագահ Սերջիո Մատարելան չի ընդունել Դրագիի հրաժարականը։ «Նախագահը վարչապետին հրավիրել է խորհրդարան՝ ելույթ ունենալու և տեղում գնահատելու ստեղծված իրավիճակը»,- ասված է Մատարելայի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան պաշտոնապես հրաժարական է տվել՝ հայտարարել է Շրի Լանկայի խորհրդարանի նախագահը։

Ռաջապակսան հրաժարականի դիմումն ուղարկել է Սինգապուրից՝ Շրի Լանկայի դեսպանատան միջոցով։ Նախագահի լիազորությունները դեռևս կկատարի վարչապետը։ Հուլիսի 16-ին էլ խորհրդարանը կքննարկի երկրում քաղաքական բարդ իրավիճակը։

Նախկին նախագահը Շրի Լանկայից հեռացել էր Մալդիվներ՝ Կոլոմբոյում իր դեմ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնք նոր թափ ստացան հուլիսի 9-ին: Ցուցարարները գրավել էին նախագահի և վարչապետի նստավայրերը՝ պահանջելով նրանց հրաժարականը և կղզում տնտեսական ճգնաժամի կարգավորումը։ Անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ։

ԱՄՆ-Ն ՄԵՂՄԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՐՈՇ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղմացրել է Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակումներ՝ սննդի, պարարտանյութերի, սերմացուի, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների գործարքների հետ կապված։

Դա վերաբերում է նաև կորոնավիրուսի կանխարգելմանը, ախտորոշմանը կամ բուժմանը, համատեղ փորձարկումների անցկացմանը:

Վաշինգտոնը ժամանակավորապես թույլատրել է գործարքներ կատարել Gazprom Germania ընկերության հետ։ Չեղարկվել են նաև Ղազախստանում Alfa Bank-ի դուստր ընկերության նկատմամբ պատժամիջոցները:

ՌԴ 11 ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների 11 օդանավակայան թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարեցվել է մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը՝ հայտնում են երկրի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

«Առաջարկվում է ուղևորների փոխադրում իրականացնել Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում