Ռազմական գործողությունն ընթանում է ըստ ծրագրի. Պուտին

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ

Ռուսաստանի պետդուման հունիսի 29-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները՝ ՌԴ-ում նրանց կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն իրականացնելու պարագայում: Ներկայում նմանատիպ նորմը կիրառվում է Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսերենը՝ որպես պաշտոնական լեզու:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԸՍՏ ԾՐԱԳՐԻ. ՊՈՒՏԻՆ

Մոսկվայի համար Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ամենևին էլ նույնը չէ, ինչ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

«Ուզում են՝ թող միանան: Ռուսաստանը նրանց հետ խնդիրներ չունի։ Նախկինում մեր հարաբերություններում ամեն ինչ լավ էր, այժմ այլ կերպ կլինի»,- հավելել է Կրեմլի ղեկավարը:

Նա զգուշացրել է՝ սկանդինավյան երկու երկրներում Դաշինքի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման դեպքում՝ Ռուսաստանի ստիպված կլինի հայելային պատասխան տալ:

Նախագահն անդրադարձել է Ուկրաինայի շուրջ իրավիճակին.

«Ռազմական գործողությունն ընթանում է ըստ ծրագրի. Դոնբասի ազատագրումը և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների իրականացումը մեր վերջնական նպատակներն են»,- եզրափակել է Պուտինը։

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ նաև հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Առանձնազրույցից առաջ Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցերը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված:

ՌԴ նախագահի խոսքով՝ ոչ պաշտոնական ճաշի ընթացքում դիտարկվել են տարածաշրջանային գործակցության վերաբերյալ տարբեր առաջարկներ:

ՄԱԴՐԻԴՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՅԴԵՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ջո Բայդենի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, այն տևել է 1 ժամ 10 րոպե և անցել է փակ դռների հետևում։ Երկկողմ հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։

Նրա խոսքով՝ Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում ուկրաինական հակամարտության և Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցում։

Սպիտակ տան ղեկավարն, իր հերթին, ողջունել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և Թուրքիայի դրական դիրքորոշումը, ինչի շնորհիվ Ֆինլանդիան և Շվեդիան նախօրեին Դաշինք հրավիրված երկրների կարգավիճակ են ստացել։
Նախագահներն ընդգծել են նաև Էգեյան ծովում և Սիրիայում կայունության պահպանման կարևորությունը: Բայդենը վերահաստատել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությունը:

ՆԱՏՕ-Ն ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ

ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին խոստումներ տալ Դաշինքին անդամակցության ժամկետների վերաբերյալ՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։

«Մենք, այնուհանդերձ, կամրապնդենք Թբիլիսիին քաղաքական և գործնական աջակցությունը, կապահովենք երկրի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կիբերվարժանքներին, կօգնենք զարգացնել կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը»,- վստահեցրել է Ենս Ստոլտենբերգը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, իր հերթին, նշել է, որ երկիրը պատրաստ է սերտորեն գործակցել ՆԱՏՕ-ի հետ։

«Վրաստանը, որպես Դաշինքի ամենավստահելի գործընկեր, պատրաստ է պաշտպանել աշխարհում խաղաղությունն ու կայունությունը, ամրապնդել ընդհանուր արժեքները տարածաշրջանում և դրանից դուրս»,- գրել է վարչապետը Թվիթերի միկրոբլոգում։

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԴՈՆԲԱՍՈՒՄ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է. ԶԵԼԵՆՍԿԻ

Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանի տարածքն ամբողջությամբ անցել է ռուսական բանակի և Լուգանսկի ուժերի վերահսկողության տակ՝ հայտարարել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Ռուսական կողմը վերահսկում է նաև Լիսիչանսկի նշանակալի բոլոր երթուղիները։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով էլ ուկրաինական բանակը շատ ծանր վիճակում է Դոնբասում, մասնավորապես՝ Լիսիչանսկ, Ավդեևվկա, Արտեմովսկ բնակավայրերի ուղղությամբ։

Ուկրաինայի նախագահն արձագանքել է նաև Սիրիայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, զգուշացրել՝ Կիևը կխզի Սիրիայի հետ բոլոր հարաբերությունները։

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 28-ին Կատարի մայրաքաղաքում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային գործարքի վերականգնման շուրջ անուղղակի բանակցությունները. կողմերը, ցավոք, չեն կարողացել համաձայնության գալ՝ հայտարարել է բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան։

«Հույս ունեինք, որ Դոհայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշակի առաջընթաց կգրանցվի», - մտահոգություն է հայտնել Մորան:
Նա հավելել է, որ աշխատանքները կշարունակվեն՝ հնարավորինս շուտ կարգավորելու առկա տարաձայնությունները։

ԿԱՊԿԻ ԾԱՂԿՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքիայում գրանցվել է կապկի ծաղկով վարակման առաջին դեպքը: Երկրի առողջապահության նախարարության տվյալով՝ հիվանդը մեկուսացվել է, վարակման այլ դեպքերի մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից տեղեկացրել էին, որ 2022 թվականին 50 երկրում հաստատվել է կապկի ծաղկով վարակման ավելի քան 3410 դեպք, հայտնի է մահվան մեկ դեպքի մասին, այն արձանագրվել է Նիգերիայում: Դեպքերի 86%-ը հայտնաբերվել է Եվրոպայում։ Երկրորդ տեղում Ամերիկան է, երրորդում՝ Աֆրիկան: ԱՀԿ-ի տվյալով՝ վարակվածները հիմնականում տղամարդիկ են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում