Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է քրեական գործ հարուցել SADAT մասնավոր ռազմական ընկերության դեմ

ԴԴիանա Գասպարյան

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ SADAT-Ի ԴԵՄ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջել է քրեական գործ հարուցել Թուրքիայի նախագահի նախկին խորհրդական Ադնան Թանրիվերդիի հիմնադրած SADAT մասնավոր ռազմական ընկերության դեմ՝ հայտնել է կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը։

«Այդ կիսառազմական կազմակերպությունը ստեղծվել է Թուրքիայի օրենսդրությանը համապատասխան՝ նախագահի քաղաքական աջակցությամբ հանցավոր գործողություններ իրականացնելու նպատակով։ SADAT-ի ներկայացուցիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ կազմակերպությունը զբաղվում է զենքի վաճառքով, ինչպես նաև այդ գործընթացներում հանդես է գալիս որպես միջնորդ»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ կազմակերպությունը նաև դիվերսանտների և ահաբեկիչների է պատրաստում:

Երկրի ընդդիմադիր առաջնորդներից Քեմալ Քըլըչդարօղլուն դեռ մայիսին հայտարարել էր, որ SADAT-ը պատրաստվում է միջամտել 2023 թվականի հունիսին նախատեսված նախագահական ընտրություններին։ Հանրապետականները դիմել են Թուրքիայի խորհրդարան՝ պահանջելով հետաքննություն անցկացնել կազմակերպության նկատմամբ։ Ռեջեփ Էրդողանը հերքել է մասնավոր ռազմական ընկերության հետ կապեր ունենալու համար մեղադրանքները: Տեղական և արևմտյան լրատվամիջոցները բազմաթիվ հրապարակումներ են ունեցել տարբեր ռազմական հակամարտություններում SADAT-ի ներգրավվածության մասին:

ԵՄ-ԻՆ ՄԻԱՆԱԼԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է. ՊՈՊԵՍԿՈՒ
Մոլդովային անհրաժեշտ է ժամանակակից բանակ, հանրապետության չեզոք կարգավիճակը դրան չի խանգարում՝ հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նիկոլայ Պոպեսկուն:

Դիվանագետը տեղեկացրել է նաև, որ Մոլդովայի իշխանությունները ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ խորհրդակցությունների ֆոնին վերլուծում են ԱՊՀ-ին երկրի մասնակցության դրական և բացասական կողմերը։ «ԵՄ-ին միանալը Մոլդովայի համար առաջնահերթություն է»,- նշել է դիվանագետը։

Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին կներկայացնի իր կարծիքը Եվրամիությանը Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ:

Վրաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ ԵՄ-ին առաջին հերթին պետք է անդամակցի Թբիլիսին, հետո նոր Կիևն ու Քիշնևը:

«Ասում են՝ Ուկրաինայում պատերազմական դրություն է, այդ պատճառով նրան պետք է Միությանն անդամակցությունը. ցավում եմ, եթե կարգավիճակ ստանալու համար պատերազմ է պետք. մենք պատերազմ չենք ուզում, մենք պահանջում ենք կարգավիճակ, որը Վրաստանի ժողովուրդը 30 տարվա ընթացքում վաստակել է»,- համոզմունք է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլին:

ԲՐԻՏԱՆԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՓՈԽԵԼ ՀՍ. ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն օրինագիծ է ներկայացրել, որը միակողմանիորեն կփոխի Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ արձանագրությունը, որը երաշխավորում է Իռլանդիայի սահմանների թափանցիկությունը, այն Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի մի մասն է։

«Նոր օրինագիծը թույլ կտա պահպանել Բելֆաստի համաձայնագիրը և ապահովել քաղաքական կայունությունը Հյուսիսային Իռլանդիայում, այն կպաշտպանի մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լիզ Թրասը:

Մեծ Բրիտանիայի կառավարության առաջարկի համաձայն՝ նախատեսվում է վերացնել ապրանքաշրջանառության գործընթացում «ավելորդ փաստաթղթաշրջանառությունը», այդ թվում՝ Օլսթեր տեղափոխվող ապրանքների նկատմամբ ԵՄ բուսասանիտարական հսկողությունը:

Լոնդոնը պահանջում է ընկերություններին իրավունք տալ ինքնուրույն որոշել՝ բրիտանական, թե ԵՄ ստանդարտներով մատակարարել իրենց արտադրանքը Հյուսիսային Իռլանդիա: Նշվում է, որ ներկայումս նրանք ստիպված են համապատասխանել բացառապես ԵՄ չափանիշներին:

Առաջարկվում է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև ցանկացած տարաձայնություն լուծել միջազգային արբիտրաժի, ոչ թե ԵՄ դատարանի միջոցով:

Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովենին կարծիք է հայտնել, որ բրիտանական կառավարության նախաձեռնությունը միջազգային իրավունքի խախտում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում