Ուկրաինան կորցրել է մինչև 10 հազար զինվոր. Արեստովիչ

ԴԴիանա Գասպարյան

ԱՐԵՍՏՈՎԻՉԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը հայտնել է երկրի զինված ուժերի կորուստների թիվը։

«Հակամարտության սկզբում օրական միջինում զոհվում էր 100 մարդ»,- նշել է Ալեքսի Արեստովիչը, հաստատել՝ ուկրաինական բանակը, ընդհանուր առմամբ, կորցրել է մինչև 10 հազար զինվոր:

Նա քննադատել է նաև արևմտյան դաշնակիցներին՝ Կիևին չափազանց դանդաղ զենք տրամադրելու համար։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ օրական զոհվում է մինչև 100 ուկրաինացի զինվոր, վիրավորների թիվը հասնում է 500-ի։

Նշվում է նաև, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ի պատասխան երկրից 18-60 տարեկան տղամարդկանց ելքի արգելքը վերացնելու մասին միջնորդագրի, նշել է, որ սահմանափակումները կչեղարկվեն միայն ռազմական դրության ավարտից հետո։


300-400 ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ Է «ԱԶՈՏՈՒՄ»
Ուկրաինացի զինվորականներն արգելափակված են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում՝ հայտնել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպանը:

Ռոդիոն Միրոշնիկի խոսքով՝ նրանց հետ բանակցություններ են տարվում՝ խաղաղ բնակիչներին քիմիական գործարանի տարածքից տարհանելու համար:

««Ազոտ»-ում կա շուրջ 300-400 ուկրաինացի զինծառայող, ապաստարաններում թաքնված քաղաքացիական անձանց թիվը, հնարավոր է, հասնում է 500-ի»,- մանրամասնել է դիվանագետը:

Միրոշնիկը հայտնել է՝ զինվորականները տեղեկացվել են, որ գործարանը կարող են լքել միայն զենքերը վայր դնելու և հանձնվելու դեպքում:

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Սևերոդոնեցկի համար կատաղի մարտերը շարունակվում են: Ռուսական կողմի տվյալով էլ՝ քաղաքի բնակելի թաղամասերն ամբողջությամբ անցել են ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի համոզմամբ՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 97 տոկոսն արդեն ռուսական կողմինն է:


ԲԵՌԼԻՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՄ-ԻՆ ՍԵՐԲԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՇՈԼՑ
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Բեռլինը ողջունում է Եվրամիությանը Սերբիայի անդամակցությունը:

«Դա տեղի չի ունենա վեց ամսից, բայց գործընթացը կշարունակվի»,- ընդգծել է Օլաֆ Շոլցը Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա Սերբիայում կրկնել է Կոսովոյում նախօրեին արած կոչը՝ վերջնականապես լուծել Կոսովոյի հարցը և կարգավորել հարաբերությունները: Կանցլերը նշել է, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին:

Վուչիչը, իր հերթին, հիշեցրել է՝ Սերբիան դատապարտել է Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում, սակայն չի կարծում, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները արդյունավետ կլինեն։

«Մի՛ մոռացեք, որ մենք դարավոր հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- նշել է նախագահը:

Նա հավելել է, որ Պրիշտինայի հետ երկխոսության և ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Սերբիան զգալի առաջընթաց կգրանցի արդեն այս տարվա դեկտեմբերին։

Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Չեռնոգորիան այժմ Եվրամիությանն անդամակցության պաշտոնական թեկնածուներ են։ Անկարան այդ հարցով բանակցություններ է վարում 2005 թվականից։ Մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ կարող են ստանալ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան:


ԳՆԱՃՆ ԻՍԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԴԱՐՁԵԼ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ. ԲԱՅԴԵՆ
Ջո Բայդենը խոստովանել է, որ գնաճն իսկական մարտահրավեր է դարձել Միացյալ Նահանգների համար:

«Գնաճի վերաբերյալ այսօրվա հաշվետվությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտենք. Պուտինի հրահրած գնաճը մեծապես հարվածում է Ամերիկային. էներգակիրների, սննդամթերքի գները մայիսին կազմել են գնաճի կեսը»,- հայտարարել է երկրի ղեկավարը:

ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցի համաձայն՝ երկրում սպառողական գներն աճել են 8,6%-ով, ինչը 1981 թ. դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում