ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը՝ Լավրով-Չավուշօղլու հանդիպման առանցքում

ԴԴիանա Գասպարյան

Հարավային Կովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են և տեղի կունենան մոտ ապագայում՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել։ Սակայն մենք շեշտում ենք՝ միշտ ուրախ կլինենք նրանց տեսնել:

Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, տեղեկացրել է, որ Լավրովի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։

Մևլութ Չավուշօղլու (Թուրքիայի ԱԳ նախարար) - Կարծում ենք՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարևոր է տարածաշրջանում կայունության համար:

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակը: Լավրովը նշել է, որ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, իսկ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման հարցը հնարավոր կլինի քննարկել միայն Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացի վերսկսումից հետո։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն 2 ամիս է՝ պատասխան չի տվել խաղաղության հնարավոր համաձայնագրի վերաբերյալ ռուսական առաջարկներին:

Սերգեյ Լավրով - Ռուսական կողմը պատրաստ է ՄԱԿ-ի միջնորդությամբ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ հանդիպմանը, սակայն դա ավելի շատ խորհրդանշական քայլ կլինի և իրականում չի լուծի հացահատիկային խնդիրը։ Այն կարգավորելու համար անհրաժեշտ է, որ ուկրաինացիները բաց թողնեն նավերն իրենց նավահանգիստներից. կա՛մ անվտանգ միջանցքներ տրամադրեն, կա՛մ ականազերծման աշխատանքներ իրականացնեն: Հացահատիկի արտահանման համար անհրաժեշտ է նաև, որ օտարերկրյա նավերին թույլ տան մուտք գործել Սև ծով. Ռուսաստանը այդ գործընթացը չի խոչընդոտում:

Անդրադառնալով Ուկրաինայում զարգացումներին՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան հանդես է գալիս պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու օգտին։

Մևլութ Չավուշօղլու - Մենք հասկանում ենք, որ Ուկրաինային դուր չի գալիս, որ մենք չենք միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն Թուրքիան հենց սկզբից փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել և չի փորձում հաճոյանալ կողմերից որևէ մեկին։ Ավելին՝ Անկարան դեռ պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը:

Նախարարը նաև իրատեսական է համարել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու գաղափարը։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ

Երկու երկրի գլխավոր դիվանագետների բանակցությունների առանցքում է եղել Սիրիան: Լավրովը նշել է, որ Մոսկվան և Անկարան կշարունակեն գործակցել «սիրիական հարցի շուրջ»։

Սերգեյ Լավրով - Մենք հասկանում ենք մեր թուրք ընկերների մտահոգությունները իրենց սահմաններին սպառնացող վտանգների կապակցությամբ, այդ թվում՝ Սիրիայում ամերիկյան ստորաբաժանումների վերահսկողության տակ գտնվող տարածքներում անջատողական տրամադրությունների բորբոքման միջոցով:

Չավուշօղլուն էլ խոսել է Սիրիայում ռազմական նոր գործողություն սկսելու Անկարայի շարժառիթների մասին:

Մևլութ Չավուշօղլու - Անհրաժեշտ է քուրդ բնակչությանն ազատել Սիրիայի հյուսիսում գտնվող ահաբեկիչներից: Արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, աջակցում են ահաբեկչական այդ տարրերին:

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կկատարեն Սիրիան ահաբեկիչներից մաքրելու հարցում Անկարայի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում