Զելենսկին կառավարության հետ քննարկել է վառելիքի անվտանգության հարցը

ՄՄերի Ներսիսյան

ՆԱՏՕ-Ն ՉԻ ԴԱՌՆԱ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ

Ուկրաինայի նախագահը կառավարության անդամների հետ քննարկել է երկրի վառելիքի անվտանգության ու ԵՄ անդամակցության հարցը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև պետական բյուջեի կատարմանը՝ ռազմական դրության պայմաններում, հետպատերազմական իրավիճակում պետության վերականգնման և վերակառուցման նախագծերին:

Ուկրաինայի հարցը քննարկել են Միացյալ Նահանգների նախագահն ու Կանադայի վարչապետը՝ հեռախոսազրույցի ընթացքում: Ջո Բայդենն ու Ջասթին Թրյուդոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանին Ուկրաինայում իրականացվող գործողությունների առնչությամբ: Բայդենն ու Թրյուդոն խոսել են իրենց ջանքերի մասին՝ անվտանգային հարցերում աջակցություն ցուցաբերելու Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև տնտեսական ու մարդասիրական օգնություն տրամադրելու պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիներին:

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, սակայն չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ պետք է պատրաստ լինել Ուկրաինայում երկարատև պատերազմի, որը կարող է ձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ։

«Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինան չի կարող պաշտպանվել միայն Խորհրդային Միության ժամանակների զենքով և պետք է անցնի ժամանակակից արևմտյան զենքի: Անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն: Արևմուտքը պետք է ակտիվացնի մատակարարումները»,- ասել է Ստոլտենբերգը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ պետք է խուսափել այլ երկրներում ռազմական գործողությունների տարածումից, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկում Ուկրաինա:

ԵՄ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՓՐԿԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Վիեննայի բանակցություններում ստեղծված իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունն է: Քննադատելով ԱՄՆ Կոնգրեսի վերջին, հակաիրանական ոչ պարտադիր բանաձևը՝ Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ տևական ամուր և արդար համաձայնության կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ կառավարությունն իրատեսական որոշում կայացնի՝ փոխհատուցելու անցյալի սխալ մոտեցումը:

Անդրադառնալով Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների ավելացմանը և աղքատության պատճառով առաջացած խնդիրներին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է աֆղան ժողովրդի բռնագրավված ֆինանսական միջոցներն ազատելու անհրաժեշտությունը։ Ամիր Աբդոլլահիանն անդրադարձել է ուկրաինական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու և հումանիտար հարցերին ուշադրություն դարձնելու Իրանի քաղաքական ջանքերին: Նա նաև նշել է, որ դեմ է պատերազմին:

Եվրամիությունը փորձում է փրկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի բանակցությունները, որոնք փակուղի են մտել, քանի որ Վաշինգտոնը հրաժարվում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նա շեշտել է, որ ԵՄ-ն փնտրում է խնդրին համապատասխան լուծում գտնելու ուղի։ Բորելը նշել է, որ դիտարկվում է այնպիսի սցենար, որը հնարավորություն կտա «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հեռացնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, սակայն կորպուսի մյուս ստորաբաժանումները՝ ոչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում