Ռուսաստանի և Լուգանսկի զորքերը ամբողջական վերահսկողություն են հաստատել Կրեմեննայա քաղաքում

ԴԴիանա Գասպարյան

ՄՈՍԿՎԱՆ ԿԻԵՎԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

«Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ Մարիուպոլը գրավելուց հետո հնարավորություն է ստեղծվել քաղաքում խաղաղ կյանք հաստատելու»,- նշել է Դմիտրի Պեսկովը։

Նա անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին, հայտնել, որ բանակցողների թիմերը չեն փոխվել, աշխատանքներում ներգրավված են նաև փորձագետներ՝ հնարավոր խաղաղության պայմանագրի համար համապատասխան ձևակերպումներ մշակելու նպատակով։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն արդեն Կիևին է ներկայացրել իր գրավոր առաջարկները։

«Չնայած լսել եք նախագահ Զելենսկու հայտարարությունը, թե նա ոչ մի փաստաթուղթ չի ստացել։ Որոշակի հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ նրան չեն զեկուցում մեր առաջարկների մասին»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը ստացել է և կծանոթանա ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։


ՊՈՒՏԻՆԸ ԴԵՄ Է ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՐՈՀԻՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլ քաղաքի հանդեպ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ քաղաքի շրջափակման պահին Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների թիվը եղել է մոտ 8100։ Ըստ նախարարի՝ չեզոքացվել է ավելի քան 4000 զինվորական, հանձնվել՝ 1400-ը:

Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակվել է ավելի քան 2 հազար զինյալ։

««Ազովստալի» օպերացիան ավարտելու համար կպահանջվի 3-4 օր»,- նշել է նախարարը։

Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նպատակահարմար չի համարել Մարիուպոլի արդյունաբերական գոտին գրոհելը․ «Հրամայում եմ դադարեցնել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը և պահանջել արգելափակել «Ազովստալը»։

Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ Ռուսաստանի և Լուգանսկի զորքերը ամբողջական վերահսկողություն են հաստատել նաև Կրեմեննայա քաղաքի նկատմամբ, որը, նախարարության տվյալով, ռազմավարական կարևոր կետ է Դոնբասի առաջնագծում:


ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ՄԱՐԻՈՒՊՈԼԸ
Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում ապաշրջափակել Մարիուպոլը՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:

«Մենք չգիտենք՝ քանի ժամ կամ օր ռուսական ուժերը կարող են այնտեղ մնալ։ Ռուսաստանի ռազմական տեխնիկան մեզ թույլ չի տալիս առաջ շարժվել»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին «ահաբեկչություն» է որակել Ռուսաստանի կողմից Մարիուպոլի նկատմամբ վերահսկողության սահմանումը:

Երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով էլ՝ «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվում են մոտ 1000 խաղաղ բնակիչ և 500 վիրավոր զինվոր։


ԿԻԵՎԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՓՈԽՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրամիության անդամ պետության թեկնածուի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Կիևի ու Քիշնևի հայտարարություններին: Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Նա հայտնել է նաև, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ուղեկցվում են Կիևի ագրեսիվ հռետորաբանությամբ, իսկ Կիևը պարբերաբար փոխում է դիրքորոշումը:

«Մենք պատրաստ ենք Կիևի հետ ցանկացած մակարդակով շփումների։ Սակայն դրանք պետք է լինեն լավ նախապատրաստված և բովանդակալից»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ Ռուսաստանը և Բելառուսը կպատասխանեն միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի հզորացմանը։


ՄԱԿՐՈՆ-ԼԸ ՊԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԸ ՏԵՎԵԼ Է ՄՈՏ 3 ԺԱՄ
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պայքարի դուրս եկած գործող նախագահ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի հեռուստաբանավեճը տևել է մոտ երեք ժամ: Թեկնածուներն անդրադարձել են հարցերի լայն շրջանակի՝ գլոբալ անվտանգությունից մինչև ներքաղաքական խնդիրներ:

Մակրոնն առաջիկա քվեարկությունը որակել է հանրաքվե Եվրամիության, Ֆրանսիա-Գերմանիա հարաբերությունների, բնապահպանական ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ:

Կողմերի հիմնական տարաձայնություններից մեկը եղել է ներգաղթի ու հատկապես մուսուլման ներգաղթյալների հարցը:

Թեկնածուները քննարկել են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները: Լը Պենը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինային աջակցելու, հումանիտար բեռներ, պաշտպանական սպառազինություն մատակարարելու և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու օգտին։ Նա դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի և նավթի ներկրման էմբարգո սահմանելուն:

Մակրոնը Լը Պենին մեղադրել է Ռուսաստանից կառչելու համար, հավելել՝ Ֆրանսիայի և Եվրոպայի խնդիրն է կանխել Ուկրաինայում հակամարտության սրումը։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Առաջին փուլի արդյունքում գործող նախագահը ստացել է ձայների 27.8%-ը, իսկ Մարին Լը Պենը՝ 23,1%:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում