Դոնբասի համար պայքարը ծանր է լինելու. Զելենսկի

ԴԴիանա Գասպարյան

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ

Դոնբասի համար պայքարը ծանր է լինելու, իսկ Բուչայի, Մարիուպոլի իրադարձությունները սահմանափակում են Մոսկվայի հետ բանակցությունների հնարավորությունները։ Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Վոլոդիմիր Զելենսկին, այնուհանդերձ, նշել է, որ բանակցելը պատերազմը դադարեցնելու տարբերակներից մեկն է։

«Հարկավոր է կոնկրետ հարցեր քննարկել, չնայած էմոցիաների պատճառով ոչ ոք չի ուզում ուղղակի շփվել։ Բայց ես չեմ փակում երկխոսության հնարավորությունը»,- ընդգծել է նախագահը։

Նա կրկնել է Արևմուտքին ուղղված խնդրանքը՝ հնարավորինս շուտ և շատ զենք տրամադրել Կիևին։

«Նրանք փորձում են մեզ աջակցել: Բայց մեզ ավելի շատ է պետք։ Մի շարք երկրներ դեռ չեն կողմնորոշվել, ԱՄՆ-ը, Բրիտանիան օգնում են»,- հավելել է Զելենսկին։ Նա մեղադրել է Գերմանիային և Հունգարիային էներգակիրների հարցում Ռուսաստանի նկատմամբ էմբարգո սահմանելու ջանքերը արգելափակելու համար։

Նախագահն անդրադարձել է նաև երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցին։

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակներից մեկը կարող էր դառնալ ՆԱՏՕ-ի աջակցությունը։ Բայց երբ խոսում էինք Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունել-չընդունելու մասին, բոլորը սկսում էին ասել՝ դա անհնար է, երկրի մի մասը պատերազմում է»,- պարզաբանել է նա։

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱԾԱՆԱՎԸ ԽՈՐՏԱԿՎԵԼ Է

«Մոսկվա» հրթիռային հածանավը, որը նախօրեին վնասվել էր զինամթերքի պայթյունից, փոթորկի ժամանակ քարշակման ընթացքում խորտակվել է։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ուկրաինական կողմը նշում է՝ «Մոսկվա» հածանավը խոցվել է «Նեպտուն» հրթիռներով։ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչը հայտնել է, որ հածանավը ապահովում էր ռուսական ուժերի պաշտպանությունը Խերսոնի երկնքում։

ՄԱԿՐՈՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, խոստացել շարունակել օգնություն ցուցաբերել Կիևին։

«Նախագահ Զելենսկուն եմ հայտնել մեր համերաշխությունը, մենք հավելյալ միջոցներ կուղարկենք»,- նշել է նա։

Մակրոնը հիշեցրել է, որ հակամարտության 50 օրվա ընթացքում Ֆրանսիան Ուկրաինային ավելի քան 100 միլիոն եվրոյի ռազմական աջակցություն է տրամադրել։ Նրա խոսքով՝ ԵՄ երկրները մտադիր են 1,5 միլիարդ եվրոյի օգնություն հատկացնել Կիևին:

ԱՄՆ-Ը ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՌԴ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՈՒՄԻՑ

Ռուսաստանի հետ ռազմական առճակատումը չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հավելել՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է ՆԱՏՕ-ն այնպես, ինչպես երբեք նախկինում։

«Կշարունակենք աջակցել Ուկրաինային, որ նա ապահովի իր անվտանգությունը և ամրապնդի դիրքերը դիվանագիտական հարթակում»,- ընդգծել է Բլինքենը։ Նա նշել է նաև, որ Չինաստանի կառավարությունը պետք է ընտրություն կատարի՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում ում կողքին կանգնել։

Պետքարտուղարությունը տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի՝ «բաց դռների» քաղաքականության մասով իր դիրքորոշումը չի փոխում՝ չնայած Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներին։

Կառույցի մամուլի ծառայության ղեկավարը, անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր սրմանը, շեշտել է՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նպաստում է Եվրոպայում կայունության հաստատմանը։ «Դաշինքը սպառնալիք չի դառնա, եթե ՆԱՏՕ-ի վրա չհարձակվեն»,- նշել է Նեդ Փրայսը, ընդգծել՝ Վաշինգտոնը կապ է պահպանում Ռուսաստանի հետ դեսպանատների մակարդակով և հասկանում դրա կարևորությունը։

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍԱԴՐԱՆՔ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՅՑԸ ԹԱՅՎԱՆ

ԱՄՆ կոնգրեսականների այցը Թայվան խարխլում է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքերը։ Այս մասին նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Չինական կողմը հայտնել է նաև, որ երկրի զինված ուժերը կկանխի արտաքին ցանկացած միջամտություն և զորավարժություններ կանցկացնի Թայվանի տարածքում՝ ԱՄՆ-ի սադրիչ գործողություններին ի պատասխան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում