Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

ԴԴիանա Գասպարյան

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԻԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ըստ BILD պարբերականի, հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին վերջին տարիներին Ռուսաստանի հետ նրա սերտ կապերի պատճառով։
Գերմանիայի նախագահը հաստատել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները։

«Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ինձ առաջարկեց Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ղեկավարների հետ այցելել Ուկրաինայի մայրաքաղաք՝ Կիևին համաեվրոպական համերաշխություն հայտնելու նպատակով։ Ես պատրաստ էի գնալ»,- պարզաբանել է Շտայնմայերը։

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն էլ հայտնել է, որ նախագահի փոխարեն Կիևը պատրաստ է ընդունել կանցլեր Օլաֆ Շոլցին։ Մելնիկի խոսքով՝ նման այցի դեպքում կողմերը պետք է քննարկեն Գերմանիայի կողմից Կիևին ծանր սպառազինության մատակարարման հարցը։

ԱՄՆ-Ը ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Վաշինգտոնը դիտարկում է Կիևին հրետանային միջոցներ փոխանցելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Ջեն Սակին հավելել է, որ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը ուկրաինացի պաշտոնյաների հետ քննարկվել է Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Նրա խոսքով՝ համապատասխան գործընթացներն արդեն մեկնարկել են։

«Մենք նաև փորձում ենք նպաստել, որ Ուկրաինային աջակցություն տրամադրեն մեր մյուս դաշնակիցները և գործընկերները, ինչպես դա արեցինք Սլովակիայի կողմից Կիևին զենիթահրթիռային С-300 համակարգեր տրամադրելու դեպքում»,- նշել է Սպիտակ տան խոսնակը:

Նա հիշեցրել է՝ Վաշինգտոնը պարտավորվել է 1,7 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն հատկացնել Ուկրաինային և այժմ փորձում է արագացնել մատակարարումները։

ՌԴ-Ն ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ

Ռուսաստանը բանակցություններ է վարում ԵՄ մի շարք երկրների հետ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու տարբերակների շուրջ, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարը։

«Վճարման մեր առաջարկած տարբերակը չի ավելացնում գազի գնորդների ծախսերը: Հարկավոր է նաև հաշվի առնել, որ շատ երկրներ ներկայումս չեն կարող այլընտրանք գտնել ռուսական գազին»,- նշել է Նիկոլայ Շուլգինովը։

Նախարարը նաև մեկնաբանել է նավթի գնի բարձրացման հավանականությունը։ Նա չի բացառել, որ 1 բարել նավթի արժեքը կարող է հասնել 150 դոլարի։ «Այնուհանդերձ, նման պայմաններում բարդ է կանխատեսումներ անել», - հավելել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ բարեկամ երկրներին նավթ ու նավթամթերք վաճառել Մոսկվան պատրաստ է գնային ցանկացած միջակայքում։

ԱՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱԿՐՈՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին հեռախոսազրույցներ կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ։ Նա նշել է, որ անում է հնարավորը՝ դադարեցնելու Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Մակրոնը նաև արձագանքել է Ջո Բայդենի խոսքերին, թե Ռուսաստանի ռազմական գործողությունը ցեղասպանություն է։ Հարկավոր է շատ զգույշ լինել տերմինների ընտրության հարցում», - շեշտել է նախագահը։

ՄԱԿՐՈՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ Էմանուել Մակրոնը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կներկայացնի իր օրակարգը՝ առաջիկա հինգ տարվա համար:
Նախագահի ընտրության՝ ապրիլի 24-ին նախատեսված երկրորդ փուլին մասնակցում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը։

ՓՈԹՈՐԻԿ ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Ֆիլիպիններում «Մեգի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 60-ի, կան անհետ կորածներ։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները։

Ավելի վաղ Աղետների հետևանքների վերացման և ռիսկերի նվազեցման ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 580 հազար բնակիչ, 42 հազարից ավելի բնակիչ տարհանվել է։

Փոթորիկն ուղեկցվել է ջրհեղեղներով և սողանքներով, ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ։ Մի շարք քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել։

ՔՈՎԻԴՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է. ԱՀԿ

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 7 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, 22 հազարը մահացել է։ Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով, քովիդով վարակման նոր դեպքերի թիվը նվազել է գրեթե 24, իսկ մահացությունների թիվը՝ 18%-ով։ Առավել դրական դինամիկա է նկատվում Եվրոպայում և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 500 միլիոնի շեմը, իսկ մահացածների թիվը հասել ավելի քան 6 միլիոնի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում